Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ իրենց կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը:
«Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնական դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ՝ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք:
Տեղեկացնում ենք, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը»,- հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:
«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նա այժմ կալանավորված է: Նրա պաշտպանական թիմն այժմ պայգարում է խափանման միջոցի փոփոխման ու Քոչարյանին ազատ արձակելու համար: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանին գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնեց: