VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ և նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են: Փաշինյանը բողոքել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ սպասելիքները շատ մեծ էին»:
«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել: «Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս էլ մեր հոգսերն ունենք, վարկերի տակ ենք, ու այդ պահին մտածում էինք գոնե մինչեւ նոր տարին աշխատանքից չզրկվելու մասին: Նախարարն ու փոխնախարարը մեզ ասացին, որ «եթե ձեզ թվում է, թե մենք պետք է դուրս գանք ու կառավարության դիմաց ցույց անենք մեր իսկ թիմի կամ թիմակցի դեմ (Արարատ Միրզոյանին նկատի ունեին), ապա չարաչար սխալվում եք»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին նախարարությունում անորոշ իրավիճակ է, առաջնակարգ մասնագետները, ոլորտի գիտակ մարդիկ՝ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որտեղ են հայտնվելու եւ ինչ կարգավիճակով: Բոլորը հենց այնպես, ի միջի այլոց աշխատանքի են գնում՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում: ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է տիրում. աշխատակիցներին ներքին կարգով նորերը տեղեկացրել են, որ իրենց գալուց հետո տեղի է ունենալու աշխատակազմի մոտ 30 տոկոսի կրճատում. «Դե որ հարյուրմիլիոնանոց «պադավատի» ախորժակ ունեն, երեսուն չէ, հիսուն տոկոսն էլ կարող են կրճատել»,- ասում են գործից «հասկացող» ԱԺ-ականները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Միայն թե զավեշտալին այն է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ տարածք ներմուծել այն ավտոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո: Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գործարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել: Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունումից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորովին այլ տրամաբանությամբ են շարժվում»: