24.11.2024
Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը հեռանում են ՀՀԿ-ից
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է ԵԱՏՄ հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵԱՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իրենց այս առաջարկը հիմնավորում է հետևյալ կերպ. Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Նրա խոսքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձևով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ, և ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով։ Նրա խոսքով՝ կա սրա գործնական անհրաժեշտությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ եւ, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների եւ քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: Մասնավորապես՝ Փաշինյանը իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու եւ երեւանցիների դժգոհությունը հարուցելու համար: Պետք է նկատի ունենալ սակայն, որ նման իրավիճակ է ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ Բավական Փիլոյանը 103 տարեկան է, բնակվում է Լոռու մարզի Սարահաթ համայնքում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք նման տարիք ունեցող քաղաքացին կարող է մանդատները հանձնել, Մուկուչյանը պատասխանեց. «Դե կտեսնենք, ի վիճակի՞ է, թե՝ ոչ, իրազեկել ենք, սպասում ենք»: 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են հունվարի 10-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է, որ Բավականի Փիլոյանից զատ պատգամավորներին մանդատներ կհանձնեն ևս 27 ընտրողներ, որոնք մասնակցել են 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաև պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը և հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»: