Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցները Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Twitter-ում գրել է, որ ստորագրել է պատժամիջոցների ցանկը ընդլայնելու մասին հրամանագիրը` «պաշտպանելու համար ռուսական պետության, ընկերությունների և Ռուսաստանի քաղաքացիների շահերը»:
Ցուցակում ընդգրկվել է ևս մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձ, գրում է Ազատությունը:
Նոյեմբերի 1-ին Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի 322 քաղաքացիների և 68 ընկերությունների նկատմամբ, այդ թվում Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի, պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի, արմատականներ Դմիտրի Յարոշի և Օլեգ Լյաշկոյի, ինչպես նաև նախկին վարչապետներ Յուլիա Տիմոշենկոյի և Արսենի Յացենյուկի նկատմամբ։
Նշվում է, որ ընդլայնված ցուցակը կընդգրկի ավելի քան 200 անձանց և ընկերություններ։
Բացի այդ, որոշումը կտարածվի Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավորների, վարչակազմի չինովնիկների, գործադիր իշխանության մարմինների ղեկավարների, որոշ քաղաքական գործիչների, գործարարների և զինվորականների վրա, գրում է Սպուտնիկը։
Նշվում է, որ հատուկ միջոցները նախատեսում են «ոչ կանխիկ դրամական միջոցների, չփաստաթղթավորված արժեթղթերի և ՌԴ տարածքում ունեցվածքի սառեցում, ինչպես նաև Ռուսաստանից կապիտալի դուրսբերման արգելք»։
Այս միջոցները պատասխան էին Կիևի գործողություններին։ Ուկրաինան հակառուսական պատժամիջոցները մտցրել էր 2015 թվականի սեպտեմբերին, այնուհետև մի քանի անգամ երկարաձգել և ընդլայնել դրանք։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չբացառեց, որ Մոսկվան կարող է դադարեցնել սահմանափակումների գործողությունները, եթե Կիևը չեղարկի իր պատժամիջոցները։ Նա նաև պարզաբանեց, թե ինչու նախագահ Պյոտր Պորոշենկոն պատժամիջոցների ցանկում չի հայտնվել։ «Որպես կանոն նախագահը պատժամիջոցների ցանկում չի հայտնվում, դա արդեն, այսպես ասած, չափից դուրս կլիներ», – ասել է Պեսկովը։