Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը. ԱԳՆ պատասխանը Բաքվին
Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Այս մասին, մեկնաբանեքլով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի եթերում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը»,- նշել է նա:
Նաղդալյանի խոսքով, նախապայմանները, էլ չասած՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում հայկական դիրքորոշման վրա.
«Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը: