23.11.2024
Օսիպյանի հրահանգով մեկնարկել է օլիգարխների թիկնազորերը «ասֆալտին փռելու» գործընթացը
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական կապերը պետք է հարստացնել տնտեսական օրակարգով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:


Հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ուղղությունը պետք է դառնա անվտանգության և տնտեսության հետ կապված նոր օրակարգի ձևավորումը:


ՌԴ-ՀՀ հարաբերությունների հիմքում նոր կառավարությունը պետք է դնի խոշոր տնտեսական ծրագրերը` ռուսական ներդրումների հոսքը դեպի հայկական տնտեսության տարբեր հատվածներ ապահովելու համար, ինչն արդյունավետորեն կանդրադառնա թե՛ աշխատատեղերի ստեղծման, թե՛ մարզերում տնտեսական ակտիվության, թե՛ արտագաղթի տեմպերի դադարեցման կամ նվազման վրա:


Եթե զուգահեռ  դիտարկենք ռուս-ադրբեջանական հարաբերություններն, ապա այնտեղ առկա է հարուստ տնտեսական օրակարգ` Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք, ՌԴ-Ադրբեջան-Իրան էներգետիկ-տրանսպորտային միջանցք, համատեղ ձեռնարկությունների ստեղծում և այլն: Դրան զուգահեռ ակտիվորեն զարգանում են ռազմական կապերը` Բաքուն ռուսական զենքերի խոշոր գնորդներից է:


Փաշինյանի այցի ընթացքում պետք է ձևակերպել հայ-ռուսական տնտեսական կապերի ընդլայնման ռազմավարությունը մոտակա 5 տարիների համար, որոնք պետք է ընդգրկեն կոնկրետ ոլորտներ, որտեղ ռուսական կապիտալը կարող է իր տեղն ունենալ և դրանով իսկ հայ-ռուսական հարաբերությունները որակապես հարստացնել:


Դրանք կարող են ընդգրկել ենթակառուցվածքային նախագծերը, արդյունաբերական ոլորտը, այդ թվում խորհրդային շրջանի հզոր քիմիական, տեքստիլ և այլ արդյունաբերական հզորությունների վերականգնումը` Վանաձորում, Գյումրիում և այլուր: Ռուսական կապիտալը պետք է լայնորեն ներկայացված լինի հայկական տնտեսության մեջ:

Երկրորդ կարևոր ոլորտը Մոսկվա-Երևան հարաբերություններում պետք է լինի անվտանգության հարցերը, այն է՝  ՀՀ զինված ուժերի արդիականացման ծրագրին ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի մասնակցության տեսքով: Ռուսաստանցի մասնագետների օգնությամբ ՀՀ-ում ռազմաարդյունաբերական համալիրը պետք է հզորանա, ինչպես նաև ՀՀ-ում մասնագետների պատրաստման համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն:


ՌԴ-ի ռազմական ներկայությունը պետք է դիտարկվի, որպես ՀՀ անվտանգության կարևոր մասնիկ, իսկ Գյումրիի ռուսական ռազմաբազայի շուրջ տարբեր սադրանքներն ու այդ բազայի դեմ ուղղված գործողությունները պետք է բացառվեն: Դա Մոսկվայի կողմից շատ սուր է ընկալվում ու ձեռնտու է Բաքվին, որը երազում է սեպ խրել ՀՀ-ՌԴ հարաբերություններում:


Փաշինյանի այցի ընթացքում պետք է տնտեսական և ռազմական համագործակցության նոր օրակարգ ձևավորել, տնտեսական կոնկրետ նախագծերի կյանքի կոչումը կազդի նաև ՀՀ-ում ՌԴ-ի ավելի դրական ընկալման, իմիջի վրա, իսկ անվտանգության, ռազմական ոլորտում համագործակցությունը թույլ կտա բարձրացնել հայկական պետության ռազմական ներուժը Ադրբեջանին զսպելու տեսանկյունից, ինչպես նաև՝ ՀՀ-ում կստեղծվի ռազմական արդյունաբերության կլաստերներ, որոնք կպատրաստեն հայ մասնագետներ:


Այդ կլաստերներն էլ զուգահեռաբար կզարգացնեն նաև արդյունաբերության, տնտեսության այլ ճյուղեր նույնպես, քանի որ ակնհայտ է, որ ռազմական արդյունաբերական համալիրը հայկական տնտեսության համար կխաղա լոկոմոտիվի դեր: