Քիչ առաջ հրաժարական տվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը: Այս մասին ռադիոյի մշակութային բաժնի աշխատակիցները:
Հիշեցնենեք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
Նրանց խոսքով՝ ռադիոյում ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց արդեն հուշ են դարձել: Ամեն ինչ արվում է թաքուն, հանկարծակի եւ անքննելի: Նրանց համբերության բաժակը լցվեց վերջերս առանց պատճառների՝ ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրեր հանձնելուց հետո:
Ռադիոյի աշխատակիցների փոխանցմամբ՝ գործընթացը սկսվել էր «Առավոտ լուսո» ծրագրից ու չէր ավարտվում, եւ դեռ հայտնի չէր, թե քանի մարդ է կրճատվելու։ Մարկ Գրիգորյանն աշխատակիցների մի մասին ազատել է գործից, պատճառաբանությամբ, որ նոր «ձայներ» են պետք։ Նոր աշխատակիցները, որոնց հետ պայմանագրեր է կնքվել, անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում, քան հները։ Տարբերությունը մոտ 50-100 հազար դրամ է։
Աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու բոլոր խնդրանքներին Մարկ Գրիգորյանը պատասխանել է, որ գումար չունի։ Ի դեպ, տնօրենի 1 մլն 500 հազար դրամ աշխատավարձը եւս ապշեցրել է ռադիոյի բոլոր հին աշխատողներին։
Հանրային ռադիոյի աշխատակիցները վստահաբար փաստում են՝ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը եւ վերածվել քմահաճույքների փորձադաշտի. «Եվ այս ամենը վերջին մեկ տարում: Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ եւ սին խոստումներով, պարզապես բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլեւայլ հիմնախնդիրներից: Չնայած մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում եւ առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին»:
Այսօր առավոտյան էլ ռադիոյի տասնյակ աշխատակիցներ հանդիպում են ունեցել տնօրենի հետ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Մարկ Գրիգորյանը լուռ լսել է բոլոր դժգոհությունները, խոստացել մինչև ժամը 16:30-ը վերջնական պատասխան տալ նրանց: Տնօրենի պատասխանը եղավ հրաժարականի մասին հայտարարությունը:
Մարկ Գրիգորյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն էր նշանակվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ: 2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն է եղել: