Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է. Ծառուկյանի խոսնակը հերքում է
«Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Այս մասին գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հերքելով օրաթերթի լուրերը, թե իրն ազատել են աշխատանքից.
«Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, թե իբր դրա կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի:
Գագիկ Ծառուկյանի և նրա անգլիացի գործընկերների կողմից 100 միլիոն դոլարից ավելի ներդրումների օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերին, ցանկության դեպքում, կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք և այստեղ գործ ունենք բացառապես դասական ցնդաբանության հետ:
Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից ազատելու մասին զառանցանքին: Սովորաբար նման ցածրորակ, էժանագին և զավեշտալի հրապարակումները չեմ մեկնաբանում, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Ակնհայտ է, որ տվյալ լուրը գրողն ու առավել ևս պատվիրատուն գտնվել են, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում կամ հոգախանգարմունքի նոպա են ունեցել:
Ես իհարկե հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի հոգեբանություն ունեցող որոշ սուբյեկտներ, տենչալով իրենց համար խիստ ցանկալին իրականության տեղ հրամցնել, փորձել են նման ստահոդ լուրեր շրջանառել: Ստիպված եմ, սակայն, հիասթափեցնել նրանց: Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է: Եթե ոմանք ինչ-որ բան այդպես էլ չեն կարողանում մարսել, ապա խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը, մոտակա դեղատնից գնել մարսողական պրեպարատներ կամ պարզապես սառը ջուր խմել: Ասում են ՝օգնում է…»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ: