ՊԲ-ում փոփոխություննե՞ր են սպասվում. Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատել էր տեղեկությունը։ Դիտարկմանը՝ եթե սխալ է տեղեկությունը, ինչո՞ւ չեն հերքում, Բաբայանն արձագանքեց՝ նշելով, որ ամեն շրջանառվող տեղեկություն չեն հերքելու։ Նա միայն նշեց, որ այդպիսի բան լինելու դեպքում համապատասխան հրամանագիր կլինի։
Լուրեր էր նաեւ շրջանառվում, որ Բակո Սահակյանը ժամանել է Երեւան՝ ստեղծված իրավիճակն ամենաբարձր մակարդակով քննարկելու համար: