Ստեփանակերտի լռությունը. Լևոն Մնացականյանի հարցը օդից կախված
Նախօրեին ուշ երեկոյան հայաստանյան լրատվամիջոցները, ապա սոցցանցերում լուր տարածվեց, որ աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։
Hraparak-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Բացի այս, շրջանառվում է, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։
Լուրը պայթած ռումբի ազդեցություն ունեցավ. թեև մինչ այս պահը պաշտոնապես այն չի հաստատվել, բայց քննադատությունների տեղատարափը չի դադարում: Պաշտոնական Ստեփանակերտը ևս չի շտապում հերքել կամ հաստատել դրա իսկությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը միայն հորդորեց առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ.
«Ցանկացած տեղեկության համար պետք է այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»,- գրել է նա Facebook-ի իր էջում՝ այսպիսով չհերքելով, որ Արցախում ներքին խժդժություններ կան, որոնք կարող են հանգեցնել Լևոն Մնացականյանի հրաժարականին:
VERELQ-ը հաջորդիվ կներկայացնի ստեղծված իրավիճակի պատճառները: