26.11.2024
ՊԲ-ում փոփոխություննե՞ր են սպասվում. Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Հայաստանն անվտանգ է բոլորի համար. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ դեսպանատանը

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ:


"Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:


Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության", - ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել` կոչ անելով Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոնություն դրսևորել արձակուրդների շրջանի նախաշեմին։


Ինչպես նշվում է հայտարարությունում, «տոնական օրերին Հայաստանում ավանդաբար աճում է հանցավորության մակարդակը»։ Ընդ որում` ամերիկացի դիվանագետներն իրենց երկրի քաղաքացիներին զգուշացնում են բավական կոնկրետ բաների մասին։ Եվ, ուշադրությո’ւն, ոչ միայն գրպանային և բնակարանային գողությունների մասին, որոնք միգուցե տոնական օրերին իսկապես ավելի հաճախ են տեղի ունենում։


Ամերիկյան դեսպանատան ուղերձում խոսում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և մարդկանց մասին, որոնք համակված են Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ։ Թե ինչ կապ կարող են նրաքն ունենալ Հայաստանի հետ, հաղորդագրության մեջ չի նշվում:


Դեսպանատան հայտարարության մի հատվածի բառացի թարգմանությունն այսպես է հնչում. «Ծայրահեղականների ուշադրության կենտրոնում սովորաբար գտնվում են առևտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, աղոթելու համար տարածքները, տրանսպորտային հանգույցները, որտեղ լինում են զբոսաշրջիկներ»։


Հայտարարությանն արձագանքել էր նաեւ Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ անհասկանալի է, թե «ինչու է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, և որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է ճանապարհորդների համար (ըստ ԱՄՆ Պետդեպի տվյալների)»:


«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել՝ անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից և անհատներից եկող վտանգի պատճառով, որը որևէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում», -ասվում է ԱՆԿԱ-ի արձագանքում: