24.11.2024
Եվրամիությունը ճանաչում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Իսկ վերջինիս այդ պաշտոնում կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի հետ բավական մերված ու ջերմ հարաբերություններ ստեղծած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր պաշտոնը զիջելով ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրած ու «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, և այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը: Եվ դա այն դեպքում, որ ԲՀԿ Սիսիանի մարզային կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխատեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, եւ ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։ Հիշեցնենք․ կարեւորագույն որոշումների՝ վարչապետի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, ռազմական դրության, պատերազմի հայտարարման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնության՝ 2/3-ի քվեն, այս պառլամենտի դեպքում՝ 66 ձայն։ Մի շարք կարեւորագույն մարմինների՝ ԲԴԽ, գլխավոր դատախազ, ՄԻՊ ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, այս պարագայում՝ մոտ 88 ձայն։ «Այնքան, որքան ունի «Իմ քայլը», ասել է թե՝ կատարվել է ոսկերչական հաշվարկ, չնայած իշխանությունների համար՝ ո՛չ «Լուսավորի», ո՛չ էլ ԲՀԿ-ի հետ կապված որեւէ խնդիր չի կարող լինել՝ պակասող ձայները լրացնելու մասով»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը։ Իսկ հնարավո՞ր է առժամանակ հետո այդ մեծ կոնգլոմերատի՝ «Իմ քայլը»դաշինքի տրոհում տեղի ունենա, ինչպես, ասենք, եղավ 90-ականներին «Հանրապետություն» դաշինքի, հետագայում՝ կոալիցիաների, ապա՝ «Միասնություն» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության դեպքում, ինչն էլ կարող է նոր վարչապետի ընտրության հանգեցնել։ «Այդ հնարավորությունը զրոյական է․ հիշենք, որ վարչապետը եւս ընտրվում է պարզ մեծամասնությամբ՝ նախկին պառլամենտում 53, այժմյան պառլամենտում՝ 66 ձայնով։ Եվ ապա՝ եթե անգամ «Իմ քայլը» տրոհվի, ապա դուրս եկած պատգամավորներն այլ ֆրակցիա մտնել չեն կարող, կարող են դառնալ միայն անկախ պատգամավորներ»»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարեւոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել, եւ հնարավոր է մնացյալ տեղերում եւս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միեւնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որեւէ մեկի կողմից չասվի, թե իրենք այս ընտրությունների արդյունքները ճանաչել են, ինչպես վարվել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ չդիմելով։ Հիշեցնենք, որ բողոքարկումները պետք է լինեն մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը, որը կլինի ամսի 16-ին։ Այդ դեպքում արդեն նոր պառլամենտն իր անդրանիկ նիստը կհրավիրի դեկտեմբերի 24-ին։ «Իսկ եթե քաղաքական ուժերից որեւէ մեկը բողոքարկի, ապա նիստը կտեղափոխվի արդեն հունվար»,- տեղեկացրեց մեր աղբյուրը»:


 


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը, մեր տեղեկություններով, փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։ Բանն այն է, որ այս ամիսներին նրանցից շատերը հասկացել են, որ մի կողմից դա իրենց ուժերից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է հավանականությունը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը եւ կկորցնեն վստահությունը՝ հայտնվելով խաղից դուրս վիճակում։ Ուստի ամենաանշառն ԱԺ պատգամավորի կարգավիճակն է՝ կարգավիճակ, գործուղումներ, բարձր աշխատավարձ եւ զրո պատասխանատվություն»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում այս ընտրություններով ավարտվեց ոչ միայն Ավշարի Գրիգորյանների, այլեւ Աբրահամյանների էպոխան։ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու էր առաջադրվել, ստացել է ընդամենը 146 ձայն, ինչը նշանակում է, որ ազգականները նրան չեն աջակցել։ Այսինքն, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը, որն անցած ընտրություններին մարզից ստացած ձայներով երկրորդն էր՝ 30 հազարից ավելի ձայն էր հավաքել եւ զիջում էր միայն ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանին, չի օգնել բարեկամուհուն։ Փոխարենը մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի, որի մասին ընտրությունների ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ հրահանգել է «հին, բարի ժամանակների» ոգով՝ ընտրողին ամեն գնով հասցնել ընտրատեղամաս, իսկ գյուղապետերի վրա «պլան» է դրել։ Խորհրդանշական է, որ անցած ընտրություններին դեռեւս գյուղապետի պաշտոնում ռեյտինգայինով առաջադրված եւ մոտ 300 ձայն ստացած Սարգսյանն այսօր «Իմ քայլի» ռեյտինգայինների առաջին հնգյակում է՝ 22 հազարից ավելի ձայնով»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների եւ չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլեւ «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։ Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները անխնա կիրառել են վարչական լծակները եւ շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերեւա անելիքներս»,- ասաց սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված մեր զրուցակիցը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «MITSUBISHI GALANT 2.4» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 37030 ԱՄՆ դոլար: Հ. Փոլադյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 37 742 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 3 847 780 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 2006–2008թթ. եղել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչը: Ավել ի վաղ՝ 2002–2006թթ, եղել է Սիրիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, 2001- 2002թթ.՝ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության երկրորդ քարտուղարը, 1999-2001թթ.՝ Հալեպում ՀՀ հյուպատոսության երկրորդ քարտուղարը, իսկ 1998-1999թթ.՝ Սիրիայում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղարը: 1996-98թթ. Հ. Փոլադյանը զբաղեցրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղարի պաշտոնը: Իսկ ավել ի վաղ՝ 1993–1994թթ, նա եղել է Հալեպում ՀՀ հյուպատոսության ռեֆերենտը: Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»: