23.11.2024
Հրապարակվել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների անուններն՝ ըստ հավաքած ձայների
prev Նախորդ նորություն

Ամեն ինչ միայն նոր է սկսվում. Գեղամ Մանուկյանը՝ ՀՅԴ-ի պարտության մասին

Ամեն ինչ միայն նոր է սկսվում։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Մանուկյանը:


Մեկնաբանելով ԱԺ ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց ձայների 70 տոկոսը ստացել է «Իմ քայլը» դաշինքը, իսկ ՀՅԴ չի կարողացել հաղթահարել 5%-ոց պատնեշը, Մանուկյանը նշել է. «Գնում ենք առաջ, մեր հավատարմությունը հայտնելով՝ մեր հողին ու մեր հայրենակցին։


Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սեւ հետեւանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, ասֆալտին լոկ ցուցադրության համար պառկեցվող անմեղ քաղաքացիներին (մեղավորները թող դատվեն դատարանով), ու հատկապես՝ մեր Արցախ աշխարհին ու արցախցուն պաշտպանողը էլի մենք ենք՝ Դաշնակցությունը։ Չենք խոսի խորհրդարանական ամբիոններից (այնտեղ խոսող այլեւս դժվար թե որեւէ մեկը լինի այդ թեմաներով), հազար ու մի հարթակ կա։ Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել։


Հ.Գ. 1996-ին ճիշտ այս օրը դատարանում տեր-պետրոսյանական ռեժիմի քաղաքական բիրտ ճնշումներին հակառակ, Դաշնակցությունն արդարացվեց անմիտ մեղադրանքներից։


1997-ին, ճիշտ այս օրը հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւս արդարացվեցին դատարանի դահլիճում, մնալով կալանքի տակ։


Հ.Հ.Գ. Ու ամենակարեւորը՝ 1991-ին ճիշտ այս օրը Արցախում Դաշնակցության քաղաքական հզոր ներկայության ու ազդեցության շնորհիվ, արկերի տակ արցախցին Հանրաքվեով ԱՅՈ ասաց անկախությանը։ Այն երբեք թույլ չենք տա զիջել։ Թույլ չենք տա Արցախի հարցում որեւէ զիջում»։


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է բոլոր 2010 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց իշխող «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը բացարձակ առաջատարն է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70,4%-ը (884 456 քվե):


Ըստ ԿԸՀ տվյալների, Ազգային ժողով անցնելու պատնեշը հաղթահարել եւ առաջին եռյակում են հայտնվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ ստանալաով համապատասխանաբար քվերենրի 6,3% ( 80 024 քվե) եւ 8,3%-ը: Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը ամենայն հավանականությամբ ներկայացված չի լինի Ազգային ժողովում. կուսակցությունը ստացել է ձայների 4,7%-ը՝ չհաղթահարելով ԱԺ անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Նույն ճակատագրին են արժանացել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ ստանալով 3,89% քվե: