26.11.2024
Թբիլիսիում բերման է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան
prev Նախորդ նորություն

Սպիտակ տունը 2019-ին մտադիր է հարվածել ՀԱՊԿ-ին

Ամերիկյան մասնավոր հետախուզավերլուծական Stratfor ընկերության վերջերս հրապարակված նյութում ասվում է, որ Ռուսաստանի զսպման համար Դոնալդ Թրամփի վարչակարգը 2019-ին մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով:


ԱՄՆ-ն առաջին հերթին ուշադրությունը սևեռելու է Մոսկվայի մերձավոր դաշնակիցների վրա, որոնք ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են: Նշվում է, որ քանի որ Բելառուսին Ռուսաստանից պոկելը դժվար է օբյեկտիվ պատճառներով, ԱՄՆ-ն մտադիր է իր հիմնական ջանքերն ուղղել Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս։ «Բայց միևնույն ժամանակ Մինսկն էլ չի անտեսվի։ Որպես առաջնային խնդիր Սպիտակ տունն իր համար նախանշել է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը»,-ասվում է հոդվածում:


Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ ՀԱՊԿ-ը թույլ ռազմաքաղաքական դաշինք է։ Փորձագետները նշում են, որ պայմանագիրը պետք է վերանայվի ու կոնկրետացվի, հակառակ դեպքում կազմակերպությունը վաղ թե ուշ կփլուզվի։ «Սկսենք նրանից, որ ՀԱՊԿ-ը երբևէ աջակցություն չի ցուցաբերել իր անդամներից որևէ մեկին։ 2010-ին Ղրղզստանի կառավարությունը խնդրել էր զորքեր ուղարկել՝ ներքին զինված հակամարտության կարգավորման համար, բայց մերժում ստացավ։ Հայաստանին դաշնակիցներից ոչ մեկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Նույնիսկ երբ ադրբեջանական դիվերսանտները ներխուժեցին Տավուշի մարզ, Երևանը մնաց առանց աջակցության։ Ավելին, ՀԱԿՊ-ում նրա դաշնակիցներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը զենք են վաճառում Ադրբեջանին։ Եվ այս ամենն այն պատճառով, որ պայմանագիրը չի արգելում մասնակիցներին զենքի առևտուր անել որևէ մեկի հետ»,-ասվում է հոդվածում։


Նշվում է, որ Մոսկվան էլ է հաճախ զուրկ մնում մերձավոր բարեկամների աջակցությունից: ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը մինչ օրս չի ճանաչել Ղրիմի անկախությունը, միայն ՌԴ-ն է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: «Սիրիայում Ռուսաստանը միայնակ է պատերազմում արդեն 3 տարի: Այդ ընթացքում դաշնակիցներից միայն Հայաստանը մեկ անգամ բարեհաճեց հումանիտար առաքելություն ուղարկել այդ երկիր»,-ասվում է նյութում:

Նշվում է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանը կարող է առավելապես հենվել միայն Տաջիկստանի ու Բելառուսի վրա։


«Հայաստանը մինչև վերջերս համարվում էր Ռուսաստանի ամենահուսալի դաշնակիցը: Սակայն տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ինչից օգտվեցին ամերիկացիներն ու անհապաղ ուղարկեցին իրենց դեսպան Ջոն Բոլթոնին։ Հայաստանի նոր ղեկավարը, նրա հետ զրույցի ժամանակ, լսելով ամերիկյան զենք ձեռք բերելու առաջարկը, հայտարարեց, որ «երկրի կառավարությունը կաշկանդված չէ որևէ սահմանափակումներով։ Եվ եթե ԱՄՆ-ից լինի լավ առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել»։ Բացի այդ քրեական գործ է հարուցվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ու «Գազպրոմի» տեղական դուստր կազմակերպության դեմ։ Որպես արդյունք՝ Երևանի ու Մոսկվայի հարաբերություններն անմիջապես լարվեցին»,-ասվում է հոդվածում։