ՀԱՊԿ ԱԳ նախարարները հատուկ հայտարարություն են ընդունել ՄՓՀՀՈ համաձայնագրի մասին
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձան համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին և դրանց փոխադարձ սատարմանը:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը նաեւ հայտնում է, որ ՀԱՊԿ պետությունների նախարարները հանդիպման ժամանակ ընդունել են Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համարձայանգրի շուրջ հատուկ հայտարարություն: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորեց կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր գնահատեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձևաչափը, ինչը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջև ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:
Նախարարներն անդրադարձան նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացի նախաձեռնությամբ ՀԱՊԿ շրջանակներում մեկնարկած խորհրդակցությունների ընթացքին: