25.11.2024
ՀԱՊԿ ԱԳ նախարարները հատուկ հայտարարություն են ընդունել ՄՓՀՀՈ համաձայնագրի մասին
prev Նախորդ նորություն

Նախապատրաստվեք խաղաղության. ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունել է զինադադարի խախտումների նվազումը

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:


«Համանախագահող երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և հաղորդվող կորուստների էական նվազումը, ինչը հաջորդել է Դուշամբեյում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած խոսակցությանը», - նշվում է հայտարարության մեջ:


Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկել:


Համանախագահող երկրները հույս են հայտնել նաև, որ կողմերի միջև ինտենսիվ երկխոսությունը կարող է մոտ ապագայում հանգեցնել խնդրի կարգավորմանը:


Նշվում է, որ Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը:


«Երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները համաձայնություն են հայտնել հանդիպել 2019 թվականի սկզբին և շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Նրանք գնահատել են համանախագահող երկրների կողմից ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ:


Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: