24.11.2024
Փոխվարչապետի պաշտոնակատարը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վիգեն Սարգսյանին ՀՀԿ-ում չեն ենթարկվում, հակակրանքը նրա նկատմամբ խորանում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապրակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել: Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների: Եւ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում: Միաժամանակ Վ.Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, եւ հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երեւա, ով չերեւա: Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան: Միաժամանակ, ըստ մեր աղբուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին. նրան դեռեւս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ:


«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե 2017թ. և դրան նախորդած ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից առաջադրված լինելը թեկնածուներին հավելյալ ձայներ էր ապահովում, հիմա հակառակը՝ այդ հանգամանքը խանգարող դեր է կատարում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները փաստում են, որ ԲՀԿ-ից առաջադրված լինելը խանգարում է իրենց, որովհետև ընտրողները չեն ցանկանում քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Նրանցից շատերն ասում են, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ իրենց անկեղծորեն ասում են, որ կքվեարկեին իրենց օգտին, եթե իրենք չներկայացնեին ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի վարկանիշի նման կտրուկ անկումը պայմանավորված է կուսակցության փոփոխական և անկայուն քաղաքական վարքագծով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն չի դիտում Նիկոլ Փաշինյանի մրցակից, եւ «լուսավորիչներն» իրենց քարոզարշավի ընթացքում ավելի շատ զբաղված են Փաշինյանի եւ հեղափոխության գովքն անելով, սակայն պարզվում է՝ շարքերում ավելի ռադիկալ տրամադրություններ կան։ Մեզ պատմեցին, որ օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ԼՀԿ-ական ռեյտինգային թեկնածուի՝ Շանթ Գրիգորյանի համակիրները թույլ չեն տվել, որ «Իմ քայլը» դաշինքի մարզային թեկնածուներից մեկն իրենց գյուղում քարոզարշավ անի։ Նրանք հավաքվել են եւ փակել հեղափոխականների ճանապարհը՝ հետ ուղարկելով մրցակիցներին եւ ասելով, որ իրենց գյուղում ունեն նախընտրած թեկնածու»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է։ Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել։ Նախորդ օրը նա Մալաթիայի եւ շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։ Գործարանի համասեփականատերն Աստղիկ Ալեքսանյանն է։ Երեկ ողջ օրը մենք չկարողացանք կապվել «Իմ քայլը» դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանի հետ՝ ճշտելու, թե դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ չէ, մանավանդ, որ մամուլը համառորեն գրում է, որ Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններում աջակցում է «Իմ քայլին» եւ մասնավորապես՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ Մեր զանգերին Արարատ Միրզոյանի գրասենյակից, օգնականներից եւ խորհրդականներից որեւէ մեկը չպատասխանեց։


«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլի» ու ՀՀԿ-ի միջև, այլև «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի և մարզպետ Կարեն Սարուխանյանի միջև: Գեղարքունիքի մարզում ևս միսկրծոցի է։ Պայքարը գլխավորում է նախկինում առաքիչ, բնապահպանության նախկին փոխնախարար, այժմ մարզպետ Գնել Սանոսյանը, որն անում է ամեն ինչ՝ մարզպետի պաշտոնը պահելու համար, սակայն առաջադրված նրա 2 տեղակալները, որոնցից մեկը եղել է Սևանի «Բոհեմ» ռեստորանում մատուցող, նույնպես լուրջ ակնկալիքներ ունեն։ Նրանցից մեկն Արարատ Միրզոյանի մարդն է և պայքարի մեջ է մտել ապագայում մարզպետ դառնալու «տեսլականով»։ Ի դեպ, Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը ևս այս տարածքում է առաջադրված։ «Միրզոյանը թիմ է ձևավորում՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում մարդիկ ունի»,- ասաց մեր աղբյուրը։ Լուրջ պայքար է ծավալել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը, որը փոքր և միջին բիզնեսին վարկ տվողներից է, և, իհարկե՝ Թագուհի Թովմասյանը, որին աջակցում է իր խմբագրած թերթը՝ «Ժողովուրդը»։ Սակայն «ամենահետաքրքիր» ռեյտինգայինը Գեղարքունիքում Դավիթ Սանասարյանի տեղակալ, Փաշինյանի խորհրդականի երկվորյակ եղբայր Հայկ Սարգսյանն է․ «Նա կտանի մարզի ձայների առյուծի բաժինը՝ լիարժեքորեն օգտագործում է վարչական լծակները, համայնքապետերն էլ հիմնականում իր օգտին են աշխատում»։ Իսկ ի՞նչ վիճակում է ՀՀԿ-ն մարզում։ «Շատ թույլ, ուժեղ են «Սասնա ծռերը», և ըստ ամենայնի՝ իշխանությունները նրանցից են ուզում «մաքրել» Գեղարքունիքը՝ մասնակիցների նման բատալիոն նետելով մարզ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, պատերազմ է հայտարարված: Բայց ոչ թե օտարերկրյա որեւէ պետության, այլ ներքին ինչ-որ խմբավորումների կողմից: Այլկերպ, թերեւս, դժվար է որակել համացանցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակումը: Բանը հասել է նրան, որ այս անգամ հրապարակվել է պետության փաստացի ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցներից հատվածներ: Դատելով բովանդակությունից՝ գաղտնալսումներն արվել են դեռ ամիսներ առաջ, երբ նախաքննական մարմինը մեղադրանքներ էր հարուցում ու խափանման միջոց ընտրում մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաների նկատմամբ: Պարզապես համացանցում հայտնվեցին մոնտաժված տարբերակի հերթական հատվածներն ընտրություններից առաջ, երբ սպասվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Թե ովքեր են այս գաղտնալսումների թիկունքում, կարելի է միայն ենթադրել. վարկածներն այնքան էլ շատ չեն: Եւ կասկածների սլաքն ուղղված է անձանց նկատմամբ, որոնց «ոտքը» տրորել է ներկա իշխանությունը: Այնպես որ, գաղնալսված հեռախոսազրույցի հերթական մասի հրապարակումը միանգամայն սպասելի էր: Պարզապես հիմա արձանագրենք՝ քանի դեռ չի բացահայտվել նախորդ դեպքը, քանի դեռ չեն հայտնաբերվել ու չեն պատժվել գաղտնալսման հեղինակներն ու տարածողները, համացանցում նման հրապարակումներ պարբերաբար կարող են հայտնվել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հրապարակված նոր գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվելու, որն ուղարկվելու է նախաքննության Քննչական կոմիտե: Արդյոք նոր քրեական գործն առանձին կքննվի՞, թե՞ որպես նոր դրվագ կմիացվի արդեն իսկ հարուցված նախորդ գործին, դեռ պարզ չէ. որոշումը կկայացնի ՔԿ-ն:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան ազատամարտի օրերին՝ 1993թ. դեկտեմբերի 27-ին, Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտերը դարձել են ներքաղաքական քննարկումների թեմա: Մասնավորապես, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր: Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով. «Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետև միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»: Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, և հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով: Սակայն նաև, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, և ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը և նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։ Հիմա նոր իշխանությունն ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները, սակայն, բարդ խնդրի առջև են կանգնած՝ ինչպիսի ձևակերպումներ տալ, որ մի կողմից հիմնավորվի, որ Դավիթ Շահնազարյանը քաղհալածյալ չի եղել, դրա ապացույցն էլ այսօր նրա՝ ՀՀԿ ցուցակում հանգրվանելն է, մյուս կողմից՝ չարդարացնեն նախորդ իշխանություններին՝ փաստելով, որ նրանք քաղաքական հետապնդումներ չեն իրականացրել։ Դավիթ Շահնազարյանը երեկ չցանկացավ մեր հարցերին պատասխանել, թեպետ ասացինք, որ որդու հետ է կապված, հարցրինք նաև՝ որդին ԱՄՆ-ո՞ւմ է, ապաստա՞ն է խնդրել։ Նա կրկնեց, որ ինքը լրագրողներին խոստացել է, որ որևէ մեկի հետ չի զրուցելու»։