26.11.2024
Վրացական ընտրություններ. հաղթել է իշխանությունը, Սահակաշվիլին անհնազանդության կոչ է անում
prev Նախորդ նորություն

Ապագա խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու. Զոհրաբյան

Քարոզարշավի ընթացքի, ներքաղաքական զարգացումների մասին VERELQ-ը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, քարոզարշավի չորրորդն օրն է. ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպես՞ս է ընթանում քարոզարշավը:

-Սյունիքի և Վայոց ձորի մարզից իմ տպավորությունները նոր չէ, որ պետք է կազմեմ` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարզեր են, հատկապես Սյունիքը ու հատկապես Սիսիանի տարածաշրջանը: Այս տարածաշրջնը 36 գյուղ ունի և գրեթե բոլոր գյուղերում եղել եմ և այսօր ևս մի քանիսն այցելելով Սիսիանի տարածաշրջանում քարոզարշավս կամփոփեմ: Պիտի ասեմ, որ Հայաստանում երկու մարզ կա, որտեղ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը ուղղակի ծայրահեղ չափերի է` Շիրակի մարզն է Գյումրիով և Սյունիքը Սիսիանի տարածաշրջանով: Մարդիկ չունեն աշխատանք, մարդկանց ձեռքը չկա կանխիկ գումար, առևտրաշրջանառությունը ոչ թե փողով, այլ բացառապես բարտերով է տեղի ունենում` կարտոֆիլը փոխում են լոբիով, լոբին փոխում են կաղամբով և այսպես էլ մարդիկ գոյատևում են: Եվ տպավորություն է, որ այս տարածաշրջանը տարիներ շարունակ ուղղակի իշխանության կողմից անտեսված ու լքված է եղել, 20 և ավելի տարի Սյունիքը ունեցել է պատգամավոր, բայց ինչպես Արշակ Սադոյանն էր ժամանակին ասել` «Սյունիքի բոլոր պատգամավորներն, ըստ էության, եղել են տապանաքարեր»: Հիշենք նրանցից մի քանիսին` Սաշիկ Սարգսյան. եղել է Սյունիքից ընտրված պատգամավոր, բայց եթե ԿԸՀ-ից իրեն տեղեկացրած չլինեին, որ ինքը Սյունիքից պատգամավոր է, այդ մարդը չէր էլ իմանա: Գյուղերում հարցնում եմ` ձեր պատգամավորները երբևէ, որևէ անգամ ձեզ հուզող հարց ձեզ հետ քննարկե՞լ են, բարձրացրե՞լ են, ասում են` ոչ, պատգամավորներ գյուղեր չեն մտել երբևէ ընտրվելուց հետո: Իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես շատերը պատմեցին, որոշ պատգամավորներ, այդ թվում և իմ նշաը, եկել են ու ակումբային հանդիպումների ժամանակ հարակից սենյակում քնել են: Սա է այդ վիճակի ողբերգությունը:
Արտագաղթը կատաստրոֆիկ չափերի է հասնում և ինչքան էլ այսօր մենք խոսենք, ինչից էլ խոսենք` մինչև մենք չկարողանանք լուծել այս մարզում, նաև Վայոց ձորում աշխատատեղերի խնդիրը ամեն ինչ լինելու է ուղղակի խոսակցություն:

-Ի՞նչ ուղերձով եք Դուք գնում ընտրողի մոտ և ինչու պետք է ընտրողը հատկապես Ձեզ պիտի տա վստահության քվեն:

-Շատ պարզ. Իմ ուղերձը շատ հստակ է` այսօր երկրի բյուջեն հնարավորություն չունի վերագործարկելու ձեռնարկություններ, բացելու աշխատատեղեր: Մեր բյուջեն բավարարում է ընդամենը սոցիալական ծախսեր անելու և ընդամենը Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ մենք չպետք է մոռանանք, որ ունենք այդ խնդիրը: Գործազրկության, աշխատատեղերի, արտագաղթը կանխելու համար մեկ լուծում կա, դա ներդրումներն են, որոնք կարող է անել և անում է միայն Գագիկ Ծառուկյանն այսօր` թե’ իր սեփական ներդրումները, թե’ բերելով օտարերկրյա ներդրումներ: Եվ այո, պարոն Ծառուկյանը պատրաստ է նաև այս տարածաշրջանում անել լրջագույն ներդրումներ, որը կլուծի ամենակարևոր` աշխատատեղերի խնդիրը:

Ես շատ բանի համար չեմ ներելու Հանրապետականին, բայց ամենավատ բանը, որ իրենք արել են, դա մարդկանց հույսն ու հավատը կոտրելն է: Նայում ես մարդկանց աչքերին` չկա հույս, չկա հավատ, այս հպարտ ժողովուրդը, որը նաև մեր սահմանապահն է, այսօր մտածում է, թե ինչ անի, որ նպաստառուի ցուցակում ընդգրկվի: Իմ ուղերձը հետևյալն է` չեմ անելու որևէ բան, որպեսզի ձեր ընտանիքն ավելանա նպաստառուների ցուցակում, բայց ես անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որ դուք ունենաք արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատատեղ: Միայն այդ կերպ մենք կկարողանանք առկա խնդիրները լուծել: Վաղը ես արդեն կտեղափոխվեմ Գորիսի տարածաշրջանի գյուղերը և կփորձեմ այս կարճ ժամանակահատվածում լինել հնարավորինս շատ համայնքներում` թե’ Սյունիքի մարզում, թե’ Վայոց ձորում:

-Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են նաև մարդիկ, որոնք պարզ է, որ խորհրդարանում ոչինչ չեն կարողանալու անել, բայց քանի որ երբեմն աշխատում է «տեղային հայրենասիրությունը», չե՞ք կարծում, որ շատերը կարող են այս անգամ ևս իրենց քվեն տալ բարեկամին, ազգակցին, ով ռեյտինգայինով առաջադրվել է, բայց ակնհայտ է, որ համալրելու է Ձեր նշված «տապանաքարերի» շարքը:

-Այո, դա շատ մեծ խնդիր է և դա ռեյտինգային ընտրակարգի ձևախեղումներից մեկն է: Եվ պատահական չէ, որ ես համառորեն պայքար մղեցի, որպեսզի նոր ԸՕ ընդունվի, սակայն, ցավոք, մեկ ձայնի պատճառով այսօր ունենք այս ձևախեղված համակարգը: Սյունեցիներն ու վայոցձորցիներն իսկապես շատ սթափ են մտածում ու գնահատում և այստեղ ու Երևանում մտածելակերպը իսկապես շատ տարբեր է, որովհետև այստեղ մարդիկ շատ ավելի լավ են հասկանում անվտանգությունն ու դրա գինը և հասկանում են, որ չի կարելի գնալ արկածախնդրության և չի կարելի ԱԺ ուղարկել անպատրաստների, որոնք գնալու են, նստելու են և լավագույն դեպքում ոչինչ չեն անելու, իսկ վատագույն դեպքում ուղղակի վնաս են հասցնելու պետությանը: Բայց, այդուհանդերձ, կա մի խավ, որը մտածում է «թասիբի հարց է» սկզբունքով, այսինքն` «տանք ձայնը նրան, ով մեզ հետ մեծացել է նույն բակում»: Սա ամենավտանգավոր բանն է, հատկապես հիմա, երբ բոլորս էլ հասկանում ենք, որ այս խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու և չի բացառվում, որ այս խորհրդարանի առջև բավականին ծանր խնդիրներ և դիլեմաներ են դրված լինելու: Ես չեմ ցանկանում բացել փակագծեր, բայց խորհրդարան ուղարկել անպատրաստ մարդկանց, որոնք կա’մ լռելու են, կա’մ վնաս են հասցնելու պետությանը ինձ համար, Հայաստանի առկա մարտահրավերները հաշվի առնելով, պետական դավաճանության նման բան է: Եվ նաև այս ուղերձն է, որ փորձում եմ հղել սյունեցիներին ու վայոցձորցիներին` ձեր հարևանի, բարեկամի ձեռքը բռնեք և բացատրեք` տղա ջան, աղջիկ ջան քո տեղը խորհրդարանում չի, գնա մասնավոր բիզնեսով, քո գործերով զբաղվի, իսկ ԱԺ-ում պետք է լինեն քաղաքական գործիչներ: Եվ եթե մենք խոսում ենք խորհրդարանական կառավարման համակարգի մասին, ապա որակապես նոր խորհրդարան պետք է ունենանք:

-Տեղեկություններ կան, որ թաղային հեղինակությունները շարունակում են նախկին գործոլաոճը` հանդիպում են տարբեր գյուղապետերի հետ, նրանց գումարներ առաջարկում, որովհետև մասայական ընտրակաշառք չեն կարող բաժանել, բայց որպեսզի գյուղապետերից ամենքը իր համայնքում որոշակի ձայներ ապահովի նրանց օգտին: Ի վերջո գիտենք, որ գյուղապետեր հիմնականում ընտրվում են տվյալ համայնքում ամենամեծ գերդաստանի անդամը:

-Ցավոք սրտի նման տեղեկատվություն կա և ես կրկին ուզում եմ Ազգային անվտանգության ծառայության, մեր կառավարության ու վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին. այո, ես ինքս ահազանգեր ստանում եմ, որ տարբեր թեկնածուներ, թեկնածուների «պապաներ» գնում, հանդիպում են գյուղապետերի հետ, նրանց այս կամ այն կերպ շահագրգռում են, որպեսզի կոնկրետ գյուղից որոշակի քվեներ ապահովեն: Սա քրեական հանցագործություն է և հորդորում եմ իրավական համակարգին շատ ուշադիր լինել, զգոն լինել, քանի որ այդ խնդիրը այսօր էլ կա ու պետք է կանխվի, այլապես մենք ունենալու ենք հերթական ոչ լեգիտիմ ընտրությունը և ԱԺ-ում ունենալու ենք հերթական տապանաքարերի խմբաքանակը, որոնք գալու են, նստելու են ու լռելու են` այդպիսով վնասելով նաև պետությանը: Մի երկու հանցագործի ձեռքը եթե բռնեն, վստահ եմ, որ մինչև ընտրություն այս խնդիրը մենք կկարողանանք կարգավորել:

Եվ ևս մեկ խնդիր, որի վրա ես հրավիրում եմ նաև ԿԸՀ նախագահի ուշադրությունը. հստակ հանձնարարեք հանձնաժողովի անդամներին, որ այն խայտառակությունը, որ տեղի ունեցավ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ հենց մի կուսակցության ներսից վերցնում էին քվեները և դնում էին մեկ այլ թեկնածուի տրցակի վրա, հատկապես հեռավոր գյուղերում, որպեսզի այս երևույթը չշարունակվի: Եթե սա նորից տեղի ունենա, ապա դա լուրջ հարված է մեր ընտրական համակարգին և ընտրությունների վստահելիությունը մեծապես կասկածի տակ է դրվելու:

-Տիկին Զոհրաբյան, քարոզարշավի չորրորդ օրն է, բայց կարծես թե այս անգամ ևս ծրագրային բանավեճ քաղաքական ուժերի միջև չի ընթանում, գործընթացը նորից տեղափոխվել է անձնական վիրավորանքների, սպառնալիքների դաշտ, անգամ Արցախն է շահարկվում…

-Ես շատ կտրված եմ հայաստանյան ներքաղաքական ինտրիգային մթնոլորտից և չեմ հասցնում ամբողջապես հետևել իրավիճակին, բայց ինձ համար կրկին ակնհայտ դարձավ, որ, ցավոք, մենք հերթական անգամ չենք հարգում ընտրողին ու հերթական անգամ նրան չենք տալիս ծրագրեր ու ընտրելու հնարավորություն ծրագրերի միջև: Հերթական անգամ սկսվել է «մոռդոբոյն» ու «ռինգը», ինչն անթույլատրելի է: Առավել ևս անթույլատրելի է ընդհանրապես Արցախի մասին խոսելը, հատկապես հիմա: Եկեք այստեղ, տեսեք, թե ինչպես են ապրում մարդիկ սահմանից, դիրքերից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Երեկ ես Նախիջևանի հետ սահմանամերձ գյուղերից մեկում էի, որտեղից Նախիջևանի գյուղերի տները երևում էին… ինչպես կարելի է այս ռիսկերը հաշվի չառնել և Արցախի հարցը դարձնել շահարկման առարկա և փորձել ինչ-ինչ համեմատություններ անել. Սա անթույլատրելի է: Եվ շատ վատ է ընկալվում հանրության կողմից: Գուցե Երևանում ընկալումները մի քիչ այլ են, բայց այստեղ մարդիկ ամեն օր ապրում են կրակահերթերի ու ռիսկերի տակ, չի կարելի ընտրապայքարը տեղափոխել ռինգ: Դա այն է, ինչ արվել է տարիներ շարունակ, ինչի արդյունքում մենք ունեցել ենք ոչ լեգիտիմ ընտրություններ, որի արդյունքները եղել են ոչ վստահելի :

Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին. դեռևս 8 օր ունենք քարոզարշավի, այդ ժամանակը բավարար չէ, բայց մենք կարող ենք հասցնել հանրությանը ծրագրեր: Հանրությունը չի ընտրելու, թե ռինգում ով ում ավելի լավ բոքսեց, այլ ընտրելու է, թե որ քաղաքական ուժի ծրագիրն է ավելի կենսունակ, ավելի իրականանալի և ավելի օպտիմալ: Եկեք հանրությանը գոնե մեկ անգամ տանք այդ հնարավորությունը:
Լիա Խոջոյան