Համաձայն քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի հաշվարի արդյունքում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 59,6 տոկոսը:
Միավորված ընդդիմության թեկանծուն Գրիգոլ Վաշաձեն, համաձայն ԿԸՀ տվյալների, ստացել է 40,4 տոկոս ձայն:
Մինչ այդ հրապարակվել էին «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup-ի իրականացրած Exit poll-ի արդյունքները, համաձայն որոնց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող թիմի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է՝ ստանալով ձայների 58 տոկոսը։
Ըստ նույն հարցման, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն ստացել է քվեների 42 տոկոսը:
Արտասահմանից ընտրություններին ուշադիր հետեւել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը Վրաստանում մի քանի քրեական գործով հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: Նա էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:
Սահակաշվիլին կոչ էր արել Վրաստանի քաղաքացիներին, անկախ ընտրությունների արդյունքից, դուրս գալ փողոց: «Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»:
«Կոչ եմ անում, Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,- ասել է Սահակաշվիլին՝ կոչ անելով ընտրությունների հաջորդ օրը սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գրիգոլ Վաշաձեն՝ նշելով, որ կպաշտպանեն Վրաստանի իրենց օգտին քվեարկած յուրաքանչյուր ձայն: Սակայն նա, ի տարբերություն Սահակաշվիլիի, կոչ չի արել իրենց կողմնակիցներին քաղաքացիական անհնազանդության: “Սահակաշվիլիի կարծիքը պետք է ընդունել, որպես մեկ մարդու կարծիք: Եթե դա մեր շտաբի կարծիքը լիներ, ապա կհնչեր այս ամբիոնից”, - ասել է նա՝ նշելով, որ նոյեմբերի 29-ին միավորված ընդդիմությունն այնուամենյանիվ նախատեսում է հանրահավաք կազմակերպել:
«Բոլորս միասին վերջնականապես հրաժարվեցինք անցյալից, որը մեր առաջընթացի, հզորանալու ու ազատության հիմնական խոչընդոտն էր»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու, էքզիթփոլերի արդյունքներով հաղթանակ տարած Սալոմե Զուրաբիշվիլին:
Նա Վրաստանի քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում բարձր ակտիվության ցուցաբերելու համար: «Այսօր իմ երկրում սկզբունքային ընտրություն է արվել: Այս ընտրությունը մեծ նշանակություն ունի այսօրվա և վաղվա Վրաստանի համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող): Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 72.72%, ամենացածրը՝ Ծալկայում՝ 43.12%: Թբիլիսիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 55.9%-ը:
Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել է 46.74 տոկոս (1 637 956 ընտրող):
Վրաստանի հայաբնակ Ջավախքում եւ հաղթել է իշխանության աջակցությունը վայելող թեկանծու Սալոմե Զուրաբիշիվլին:
Քվերակության օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, «Վրացական երազանքի» կողմնակիցներն Ախալքալաքի կենտրոնում, նախընտրական շտաբի դիմաց հաղթական հրավառություն արեցին:
Այնուհետեւ Վահագն Չախալյանը և կողմնակիցները սկսեցին գոռալ «Հաղթանակ, ուժեղ Ջավախք, ուժեղ Վրաստան»: Ինչպես նաև երգեցին «Գինի լից» երգից հատվածներ: Նրանք մեքենաներին են ամրացրել Վրաստանի և «Վրացական երազանք» կուսակցության դրոշը և սկսցեին երթևեկել քաղաքով մեկ: