30.11.2024
Հայ-իրանական սահմանի փակման մասին Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ. կարծիք Թեհրանից
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում ճգնաժամի կարգավորման երկու սցենար կա. կմեկնի՞ արդյոք Փաշինյանը Մինսկ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը երկու սցենար է տեսնում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստան-Բելառուս ստեղծված տարաձայնությունների կարգավորման համար:


Առաջին սցենարը, նրա կարծիքով, կարող է լինել այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ նոյեմբերի 27-ին վարչապետերի մակարդակով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար եւ համաձայնության գալիս Բելառուսի նախագահի հետ:


«Եթե Փաշինյանը մեկնի Մինսկ, ապա Լուկաշենկոյի հետ հանդիպումն անխուսափելի է: Դա լավ հնարավորություն է քննարկել և մեղմել երկկողմ լարված հարաբերությունները մինչև դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս պարագայում կոմպրոմիսն առավել կենսունակ է թվում», - գրում է Սուրեն Սարգսյանն իր Facebook-ի էջում:


Այժմ դեռ պարզ չէ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այդ նիստին, քանի որ ՀՀ քաղաքական համակարգի կառուցվածքի առանձնահատկութնուններից ելնելով դրան ի պաշտոնե դրան պետք է մասնակցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:


Միեւնույն ժամանակ ամիսներ առաջ՝ հուլիսի վերջին, Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ ֆորմատը «կաթվածահար չանելու համար»: «Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում», - մանրամասնել էր Հայաստանի վարչապետը:


Սցենար երկրորդ, նշում է Սուրեն Սարգսյանն ու բացում փակագծերը. «Վարչապետը չի մեկնում Մինսկ, փորձ է կատարվում լարվածությունը թուլացնել այլ խողովակներով: Այս պարագայում առավել բարդ է լինելու դեկտեմբերի 6-ին (Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովին) գալ ընդհանուր հայտարարի: Մեծ հավանականություն կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի, իսկ այս դեպքում ժամանակը մեր օգտին չի աշխատում»:


Նրա խոսքով, կասկածից վեր է, որ բելառուսական կողմի հետ պետք է պայմանավորվել և որքան շուտ այնքան լավ: «Կարծում եմ նաև, որ Լուկաշենկոն, այդուհանդերձ բացատրություն տալու է Փաշինյանին, բայց ոչ հանրային դաշտում, այլ փակ դռների ետևում», - նշում է նա: