30.11.2024
Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը մասնակցում են համատեղ զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Հայ-իրանական սահմանի փակման մասին Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ. կարծիք Թեհրանից

Հայ–իրանական սահմանի հնարավոր փակման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար։


Այս մասին ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրում է NEWS.am–ը։


«Ես չեմ ուզում որեւէ մեկին խորհուրդ տալ, բայց կարծում եմ՝ ճիշտ հայտարարություն չէ սա, որովհետեւ նախորդող 28 տարիներին Իրանը միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել հայ ժողովրդի առջեւ։ Մութ ու ցուրտ տարիներին բոլոր սահմանները փակ էին, ու միակ բաց սահմանն Իրանի հետ էր, ու այսօր եթե Հայաստանը երրորդ երկրի ճնշման տակ իր հարեւան բարեկամ երկրի հետ հարաբերությունները ուզենա պողտորել, անձնապես ես ճիշտ չեմ համարում։ Մենք որպես Իրանի քաղաքացիներ, բնականաբար կնեղվենք, որ հարեւան երկիրն իր սահմանները փակի»,– ասաց Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։


Հայ թեմի առաջնորդի կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, ապա միակ տուժողը Հայաստանն է լինելու. «Իրանը հզոր երկիր է եւ կարող է դիմանալ, Հայաստանն է, որ կտուժի՝ Իրանի հետ հարաբերությունները խզելով կամ վատթարացնելով»։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ–իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։