Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ալիքն լուրջ անհարմարություններ է ստեղծել Հայաստանում բանկային հաշիվներ ունեցող իրանցիների, այդ թվում նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող իրանահայերի համար:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեմյս Բոլթոնի Երեւան այցից եւ իրանական Մելլաթբանկի հայաստանյան մասնաճյուղերի դեմ պատժամիջոցների կաիրառումից շաբաթներ անց Հայաստանում բնակվող շատ իրանցիներ, այդ թվում նաև իրանահայեր իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ են ստացել:
Հատկանշական է, որ Բոլթոնի այցը Հայաստանի իշխանությունները որակեցին “շատ արդյունավետ”՝ նշելով, որ ամերիկյան կողմի համար ընդունելի էին Իրանի հետ համագործակցության կարեւորության մասին Երեւանի փաստարկները: Մասնավորապես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն օրերս ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների հավանական ազդեցությանը հավելել էր. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստանի համար հնարավորություն էր բացատրել այն մարտահրավերները, որոնք երկրի առջեւ կանգնած են, ինչպես նաեւ նրանց կողմից թելադրված քաղաքականությունը»:
Ըստ երեւույթին տրված բացատրություններն այդքան էլ համոզիչ չեն եղել, որ օրեր առաջ լրատվամիջոցները բարձրաձայնեցին, որ հայաստանյան մի շարք բանկեր իրենց այն հայ հաճախորդներին, որոնք ունեն նաև Իրանի քաղաքացիություն, ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված՝ նախազգուշացրել են փակել իրենց բանկային հաշիվները, հակառակ դեպքում դրանք կսառեցվեն: Իրանահայերը իրենք էին բարձրաձայնել, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներով պայմանավորված՝ բանկերը զանգահարել և զգուշացրել են իրենց, որ գան և սառեցնեն իրենց հաշիվները, այլապես դա կարվի բանկի կողմից։
“Նման զգուշացում եղել է ոչ միայն Հայաստանում գործող իրանական «Մելաթբանկի», այլև ՀՀ մի շարք այլ բանկերի կողմից։ Իրանահայերը զարմացած էին, որ իրենց նկատմամբ նման սահմանափակում է կիրառվում, քանի որ իրենք նաև ՀՀ քաղաքացի են, և Հայաստանը, անկախ ԱՄՆ-Իրան հարաբերություններից, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին”, - նշել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացի Արգին Ղարախանյանը, հայտնում է «Առաջին լրատվական»-ը։
Բարձրաձայնումից հետո, սակայն, խնդիրը լուծվել է։ Նույն իրանահայ Արգին Ղարախանյանն ասել է, որ առավոտյան իրեն «Արդշինբանկ»-ից զանգահարել և ներողություն են խնդրել կատարվածի համար՝ պատճառաբանելով, որ կատարվածը թյուրիմացություն է եղել, աշխատակցի չիմացության արդյունք, և բանկը անմիջապես վերականգնել է իր սառեցված հաշիվը։
Արգինը փոխանցել է, որ իր ընկերները ևս այսօր կարողացել են տարբեր բանկերի միջոցով փոխանցումներ կատարել։
Այնուհետեւ հերքում է տարածել նաեւ Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղը: Հայաստանում գործող իրանական «Մելաթբանկ»-ի իրավաբանական վարչության պետ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ «Մելաթբանկը» աշխատում է իր բնականոն հունով և իր հաճախորդներից ոչ մեկին զգուշացում չի ուղարկել հաշվեհամարները սառեցնելու մասին: «Պատժամիջոցները մեզ վրա չեն ազդել։ Բանկի բնականոն գործունեությունը շարունակվում է, որևէ զգուշացում հաճախորդներից որևէ մեկին չի արվել, որևէ մեկի հաշվեհամարը չի սառեցվել»,- ասել է Վարդան Հարությունյանը։
Միեւնույն ժամանակ, ըստ մամուլում շրջանառվող տարբեր տեղեկություններին, որոշ բանկերում դեռեւս շարունակում է առկախված մնալ Իրանի քաղաքացիների հաշիվների սառեցման վտանգը:
Համացանցում անգամ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ Սփյուռքի նախարարությանը՝ նշելով, որ իրանցիների ու նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող իրանահայերի հաշիվները մինչեւ դեկտեմբերի վերջ կարող են սառեցվել հայաստանյան բանկերում:
Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ Փաշինյանին հասած կլինի Իրանում ծնված հայերի, թեկուզ հայրենադարձ, Հայաստանի քաղաքացիություն ունեցողների, թեկուզ տասնյակ տարիների հաշիվ ունեցողների, հարկեր ու վարկեր վճարածների արժույթային հաշիվների սառեցման և Վիզա ու Մաստեր քարտ չտրամադրելու (թեկուզ դրամային հաշվով), որոշ բանկերի ներքին քաղաքական որոշումը։
Նշվում է, որ այս ամենն արցվում է անցումային փուլում, երբ երկիրը ընտրություններով է զբաղված և պարզ չէ, թե երբ “ենք ունենալու ոչ ժամանակավոր կառավարություն”։ “Մինչ այդ, բոլոր հաշիվները սառեցվելու են մինչև դեկտեմբերի վերջ կամ տհաճ թղթաբանական քաշքշուկներով մարդիկ պիտի գտնեն ինչ-որ բանկ, որ չի վախենում ԱՄՆ-ից։
Կարծում եմ Սփյուռքի նախարարության, արտգործ նախարարության և խոստումներից ելնելով, նաև կառավարության առաջնահերթ խնդիրներից պիտի լինի շատ հրատապ այս «ներքին կարգով» քմահաճույքին վերջ դնելը”, - ասված է հայտարարության մեջ։
ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին ոչ հստակ հերքել ոչ էլ հաստատել է իրանահայեր իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրությունները՝ միայն նշելով, որ որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Նշվում է, որ Հայաստանը սերտ գործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:
«Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ: Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը», - նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ: