23.11.2024
ԱՄՆ-ի պատժամիջոցների էխոն. ՀՀ-ում կսառեցվե՞ն իրանցիների բանկային հաշիվները
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները ՌԴ հետ. քաղաքագետ

ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված պետք է լինի բացառապես ՀՀ ազգային և պետական շահերի վրա: Մենք պետք է հասկանանք մեկ բան՝ արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշում ունենալը շատ վտանգավոր է, հայաստանակենտրոն մոտեցման շրջանակում էլ առաջնահերթությունները կուրվագծվեն: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի երրորդ համար, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:

Նրա խոսքով, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք, ի տարբերություն այլ պետությունների հետ, ունեն նաև սպեցիֆիկ բնույթ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործոնը: Թեև ինքը կարծում է, որ ՀԱՊԿ-ի դերակատարությունը իրականում չափազանցված է.

«ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սխալ է դիտարկել առանձին մի ինտեգրում, քանի որ դա մեր արտաքին քաղաքականության համալիրի կարևոր մասն է: Բայց այստեղ ոչ այնքան հենց ՀԱՊԿ-ն է կարևոր, որքան Ռուսաստանի գործոնը և Հայաստանն առաջին հերթին իր հարաբերությունները պետք է կարգավորի ՌԴ հետ: Ի վերջո, ՀԱՊԿ-ի մյուս անդամ-պետությունները շարժվում են այնպես, ինչպես թելադրում է ՌԴ-ն: Մեզ մոտ շատ են խոսում Բելառուսի, դրա դիրքորոշման մասին, բայց թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը ՀԱՊԿ-ում, մեծ հաշվով, մեծ դերակատարություն չունեն»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ճիշտ է թերագնահատել այդ պետությունները, հաշվի առնելով այն, որ մի ինտեգրացիոն միավորի մաս ենք կազմում դրանց հետ, իսկ բացի այդ, թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը անթաքույց պրոադրբեջանական դիրքորոշում ունեն, Սուքիասյանը նշեց, որ եթե այդպես նայենք, ապա ՀԱՊԿ-ը իրականում պանթուրքիստական կառույց է, որովհետև անդամների մեծ մասը թուրքական աշխարհայաց պաշտպանող պետություններ են: Բայց գլխավոր դերակատարը, պնդեց նա, ՌԴ-ն է, հետևաբար Հայաստանը իր հարաբերությունները պետք է կարգավորի Մոսկվայի հետ:

«Մենք ունենք խնդիր Ռուսաստանի հետ բալանսավորելու մեր հարաբերությունները»,- շեշտեց նա:

Քաղաքագետը, կաևորելով ՌԴ հետ հարաբերությունների խորացումն ու հետագա ամրապնդումը, նաև նկատեց, որ դա չպիտի լինի այլ բևեռների հետ հարաբերությունների հաշվին.

«ՀՀ-ն պետք է կարողանա բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը՝ մի բևեռից, որպես կենտրոնական, կախվելը շատ վտանգավոր է»,- նշեց Հայկ Սուքիասյանը:

Մեր զրուցակիցը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանի ֆիզիկական գոյությունը կախված է ՌԴ-ից: Ըստ նրա, եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ՌԴ-ի անվտանգությունն էլ կախված է փոքրիկ Հայաստանից, որովհետև եթե Գյումրիից դուրս բերվի ռուսական ռազմաբազան, ապա Ռուսաստանի ամբողջ պաշտպանական համակարգը Մերձավոր և Միջին Արևելքում փլվելու է: Առավել ևս, ինքը չի ընդունում այն ծայրահեղական կոչերը, թե ռազմաբազան Հայաստանից պետք է դուրս բերվի.

«Ես Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից եմ, բայց դա պետք է լինի հավասար դաշնակցային հարաբերությունների հիման վրա, ստորաքարշ հարաբերությունները, որ եղել են մինչև վերջերս, պետք է բացառվեն: Նախկին ռեժիմը եղել է ստորաքարշ, բայց այսուհետ այդպես չպետք է լինի»,- հավելեց Հայկ Սուքիասյանը:


Լիա Խոջոյան