Տնտեսագետ Բաբկեն Թունյանը, որը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, արձագանքել է նախկին իշխանությունների քննադատություններին, թե Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չի կարող զարգացնել երկրի տնտեսությունը:
«- Անցած 10 տարվա ընթացքում էնպես եք «զարգացրել», որ 2016 թվականին աղքատության մակարդակն ավելի բարձր է եղել (29.4%), քան 2007 թվականին (26.4%)։
- Գործազրկության մակարդակը 2017 թվականին ավելի բարձր է եղել (17.8%), քան 2008 թվականին (16.4%)։
- Արտաքին պետական պարտքը 10 տարվա մեջ համարյա քառապատկվել է՝ 2007 թվականի 1.45 մլրդ դոլարից 2017 թվականին հասնելով 5.5 մլրդ դոլարի։
- Թե ինչպես է փոշիացվել էդ պարտքի մի մասը՝ դա դեռ մի կողմ։ Փաստն այն է, որ ձեր օրոք կուտակված պարտքի սպասարկումը էսօր արդեն տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար է, որը լուրջ բեռ է բյուջեի համար ու թույլ չի տալիս այլ ուղղությամբ ծախսեր ավելացնել։
- Շինարարության ոլորտում 2007-2017 թվականներին՝ 11 տարիներից միայն չորսի դեպքում անկում չի գրանցվել (այդ չորսից էլ 2014 թվականին աճը գրեթե զրոյական էր՝ 0.2%)։
- Թոշակները ու պետական հատվածի աշխատավարձերը վերջին անգամ չեմ հիշում երբ են բարձրացվել։
- Մշտական բնակչության թիվը, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս ընթացքում նվազել է մոտ 260 հազարով։ Ունեցել ենք 3 մլն 230.1 հազար մշտական բնակչություն՝ 2008 թվականի հունվարի մեկի դրությամբ, եւ 2 մլն 972.7 հազար՝ 2018 թվականի հունվարի մեկի դրությամբ։
Ցանկը կարող եմ երկար շարունակել։
Էնպես չի, որ ձեր օրոք լավ բաներ ու ճիշտ բաներ չեն կատարվել։
Բայց էնպես էլ չի, որ փայլուն տնտեսություն եք թողել ձեզնից հետո, ինչպես ներկայացնում եք։ Ավելին ասեմ, խոշոր հաշվով՝ դուք ձախողել եք երկրի տնտեսության կառավարումը։ Որովհետեւ երկիրը ծաղկեցնող իշխանության հետ հասարակությունը էսպես չէր վարվի։
Ու հիմա, քաղաքական լուրջ փոփոխությունից հետո՝ նոր կառավարությանը մեղադրում եք, որ տնտեսության աճը դանդաղել է։ Անկում էլ չի եղել, դանդաղել է։ Գոնե զգո՞ւմ եք, որ սա շատ անլուրջ է։ 6 ամիս անց տնտեսական զարգացում եք պահանջում։
Միշտ ասել եմ (կարող եք ստուգել վերջին տարիների հոդվածներս ու գրառումներս) ու ասում եմ, որ Հայաստանում թռիչքային տնտեսական զարգացում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե գոնե մեկ անգամ արդար ու ազատ ընտրություններ անցկացվեն։
Այ հենց միայն դրանց անցկացումով ներկայիս իշխանության վաստակը Հայաստանի համար շատ ավելի մեծ է լինելու, քան ձեր կողմից վերջին տարիների կատարված բոլոր քայլերը միասին վերցրած։ Հետոն էլ հետո կերեւա», - գրել է Թունյանն իր ֆեյսբուքյան էջում։