Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը
ՀՀ ազգային ժողովը 66 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին, որի դեմ են քվեարկելու:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ քվեարկելու մասին, ինքը դեմ է քվեարկելու: «Սա իներցիոն բյուջե է, և ես դեմ եմ քվեարկելու նախագծին»,- ասաց նա: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, բայց որոշ պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անհավասարության մթնոլորտը դրսևորվել է նախորդ տարիների բյուջեների նախագծերով: «Մեր խմբակցությունն իր աջակցությունն է ցուցաբերում՝ գործող կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար»,-նշեց նա:
ԱԺ հերթական նիստերում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն: Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը: