NBC. Հայրենիք վերադառնալուց հրաժարվելու դեպքում նախատեսվում էր Խաշոգջիին ազատ արձակել
Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին նախատեսվում էր բռնի ուժով անվտանգ վայրում պահել Թուրքիայի տարածքում՝ համոզելով նրան հայրենիք վերադառնալ, իսկ հրաժարվելու դեպքում՝ ազատ արձակել: Այս մասին հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին:
Նրանք ներկայացրել են Էր Ռիադի կողմից սկսված լրագրողի սպանության հետաքննության մասին նախնական եզրակացությունները: Դրանք մատնանշում են, որ գաղտնի առաջադրանքով Ստամբուլ ժամանած 15 սաուդցիներից բաղկացած խումբը մտադիր չէր սպանել Խաշոգջիին:
Այս խումբը բաժանված է եղել երեք թիմերի, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է առանձին լոգիստիկայով, անվտանգությամբ եւ լրագրողի հետ զրուցելով: Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանության պահին 15 մարդուց միայն 9-ն է ներկա եղել, պարզաբանել են հեռուստաալիքի աղբյուրները:
Հրապարակման համաձայն, սկզբնական ծրագրով նախատեսվում էր հյուպատոսությունում խոսել Խաշոգջիի հետ եւ հայրենիք վերադառնալուց հրաժարվելու դեպքում, նրան բռնի ուժով տանել Ստամբուլի մերձակայքում գտնվող հանդիպաբնակարան: Եթե 2 օրվա ընթացքում լրագրողը չփոխեր իր դիրքորոշումը, ապա նրան պետք է ազատ արձակեին: