Ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է: Այսպես արտահայտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդԳագիկ Ծառուկյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշման մասին։
Ծառուկյնաը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 18–ին գնահատական չտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշմանը։
«Ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է, ես նորից եմ ասում՝ ես գործ չեմ ունեցել եւ չունեմ։ Ես գործ ունեմ «Բարգավաճի» հետ, կարող եք հատ–հատ ցուցակներն էլ նայել։ Իմ ուզածն է, որ ժողովրդի համար լավ բան անեմ, մարդն այդքան անաղուհաց չի կարող լինել, լրագրողներին նկատի ունեմ»,– ասաց նա։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր բավականին ագրեսիվ էր լրագրողների նկատմամբ, անընդհատ վիրավորում էր նրանց։ Այսօր տեղի ունեցավ «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունը։
Նա նաեւ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին: Օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին:
«Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են», - ասաց Ծառուկյանը։ «Ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան: Կարևորը՝ ուզում եմ մի բան ասել՝ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, որ բան փոխվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն գնալու դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ընտրությունների օրը հայտնի լինելուց հետո կտեղեկացնեն՝ ինչպես են մասնակցելու և ինչ թիմով:
ԲՀԿ ղեկավարը կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ բոլոր բարիկադները քանդվել են. «Մենք վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որով դժվարեցվում է ԱԺ-ի լուծարման գործընթացը, Ծառուկյանը պատասխանեց. «Պատգամավորի իրավունքի խնդիրն է, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք օրինական: Դա է եղել, իսկ լրագրողները այնպես են ներկայացնում, որ գաղտնի է եղել»: