Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականին և դրանից հետո ակնկալվող իրադարձություններին։
Հովհաննիսյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։
Կարծում եմ՝ սա ուղերձի ամենակարևոր մասն է։
Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Անցումայինի միակ հմայքն իր կարճատևությունն է, ժամանակավորությունը։ Եթե այն, Աստված մի արասցե, դարձավ ընթացիկ կյանք, ապա լրիվ ուրիշ զարգացումներ կլինեն։
Եթե ես ճիշտ եմ հասկանում և ավելորդ լավատես չեմ, ապա մենք ավարտում ենք անցումային փուլը և սկսում ինտենսիվ, գրագետ զարգացման, կառուցման փուլը։
Հասկանալ նախորդ փուլը
Ապագայի, հաջորդ փուլի վերաբերյալ տարընթերցումներ չունենալու համար պետք է հասկանալ անցած փուլի էությունը, տալ հստակ գնահատականներ, որպեսզի սպասելիքները, ակնկալիքները նույնպես լինեն հստակ։
Անցումային փուլի հաջողությունները
1. Պետությունը ճահճացած վիճակից, խորը ստագնացիայից հանելը։
2. Սպառված, կենցաղային վերնախավի հեռացումը
3. Հանրության մեջ փոփոխությունների և զարգացման հույսի ձևավորումը։
Անցումային փուլի անհաջողությունները
1. Անպատմություն «Նոր Հայաստանի» ձևավորման փորձը։ Այս սխալ կոնցեպցիայի պատճառով «Նոր Հայաստանը» դեռևս «Ուրիշ Հայաստան» փուլում է։ Ի վերջո, ոչինչ զրոյից չի ստեղծվում, և անկախության բոլոր տարիներին Հայաստանում նշանակալից գործեր արվել են՝ բոլոր սխալներով հանդերձ։
2. Ուժայինների ավելորդ աղմկոտ դերակատարումը։ Ամեն տեղ, ամենուր հանցագործ փնտրելու մթնոլորտը։ Մտովի փոխեք փնտրողի և փնտրվողի տեղերը, և նույնը կարելի է անել․ հետևաբար՝ սա անվերջանալի պրոցես է, զարգացման չտանող։
3. Իշխանության բոլոր մակարդակներից գալիս է ագրեսիա։ Մի պահից սա դառնալու է ագրեսիա բոլորի հանդեպ, իսկ հետք՝ աուտոագրեսիա։ Հասարակությունները սովորաբար սիրում են իշխանությունից եկող հանդարտություն և կանխատեսելիություն։
Հասկանալ նոր փուլը
Շատ կարևոր է՝ ձևակերպել հաջորդ փուլի բնորոշիչները, և որքան հստակ լինեն դրանք, այնքան սխալվելու հավանականությունը փոքր կլինի։ Եթե դրանք հստակ չեղան, ապա ամեն մի նոր սխալ կարող է ներկայացվել որպես նոր փուլի հաջողություն, իսկ ամեն չարված գործ՝ նախորդների մեղավորություն։
Նոր փուլի հիմնական սկզբունքը
Հեղափոխությունը դեռևս փոփոխություն չէ, այն փոփոխության հնարավորություն է։ Խոսքը, իհարկե, պետության նշանակալի արդյունքների, հաջողությունների մասին է։ Ուրեմն՝ պետք է կարողանալ ռեալիզացնել այդ հնարավորությունը։
Նոր փուլի հոռետեսական տարբերակը
Ա/ Անցումային փուլը շարունակվում է, մեզ չի հաջողվում այն կանգնեցնել
Բ/ «Հեռուստատեսային արդարադատությունը» շարունակվում է։ Իրավապահները շարունակում են լինել առաջին պլանում և գործել՝ հանուն հանրային տրամադրությունների։
Գ/ Իշխանությունը փողոցից չի գնում պետական համակարգ և չի սկսում երկրում իրական խորքային բարեփոխումները, դժվար և էֆեկտիվ լուծումների փուլը։
Նոր փուլի լավատեսական տարբերակը
ա/ Կառավարության կազմի ռացիոնալ, «ոչ ժամանակավոր» ընտրություն, կադրային մտածված քաղաքականություն
բ/ հանրային, քաղաքական կյանքում կառուցողական մթնոլորտի ստեղծում, անցյալի հետ պայքարի փուլը փակելու և զարգացման տանող քայլեր
գ/ տնտեսական գրագետ կառավարում, ներդրումային հստակ քաղաքականություն, կայուն և վստահելի պետության իմիջի ձևավորում
Նոր փուլի ամենամեծ ռիսկը՝ միատարր և ոչ կոմպետենտ կառավարում։ Որպես հետևանք՝ տնտեսական ձախողումներ, սխալներ Ղարաբաղի հարցում, պատերազմի վտանգ։
Նոր փուլի ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից դեպի գործ, թշնամանքից դեպի բոլոր կարող անհատների աշխատանք, Նոր Հայաստանի ստեղծում։
Ամփոփում
Դեկտեմբերի ընտրություններից հետո ինչ-որ բան, իհարկե, վերջանում է, բայց այն մի նոր՝ շա՛տ ավելի կարևոր փուլի սկիզբն է։ Էֆեկտիվ պոտենցիալը կկուտակվի կա՛մ իշխանության մեջ (մարդկանց և գաղափարների տեսքով), կա՛մ իշխանությունից դուրս՝ նոր միավորումներում, դահլիճներում, եթերում, փողոցում։ Բայց՝ ոչ ԱԺ-ում»։