24.11.2024
ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները. կառավարությունը փոխհատուցում կտա
prev Նախորդ նորություն

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրերը հեռացել են հայկական գինուց ու կոնյակից տպավորված

Կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, քաջալերի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գինեգործության և կոնյակագործության ոլորտի զարգացման հնարավորություններին:


«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը ինձ համար կարևոր և լավ նորություն էր: Ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ: Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե իրենց բառապաշարով՝ բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այդ խմիչքների արտադրության որոշակի միջազգային չափանիշի:


Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները արտադրանքի ծավալները մեծացնելու համար։ «Կարծում եմ՝ այս պահին առավել մեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են, և նաև այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում: Չնայած մյուս կողմից կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ, և այս առումով գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրները պատշաճ մակարդակի բերենք, որովհետև ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»,-ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոնյակի արտադրության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: «Կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ, այն է՝ ոչ իրական արտադրանքի սպառումը և տարածումը հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակի անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն: Այստեղ էլ մենք պետք է շատ լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որպեսզի չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն կամ թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում:


Ընդհանուր առմամբ շատ լավ միտում է, որ մեր այսօրվա կառավարության նիստում մենք հիմնականում քննարկում ենք արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրեր, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք գործարար դաշտի և բիզնեսի հետ համագործակցության դաշտ, այսինքն՝ շարունակում ենք խորացնել մեր համագործակցությունը: Առաջիկայում նաև մենք պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում լրջագույն քննարկումներ ունենանք բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և կարողանանք հասնել ըստ էության ըմբռնման, թե մենք ինչ քայլերով պետք է գնանք առաջ, որպեսզի ոչ թե տարբեր, այլ նույն դիրքերում լինենք, նույն խնդիրը լուծելու նպատակն ունենանք՝ ուղղակի յուրաքանչյուրս մեր գործառութային դերերի կատարմամբ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը: