Խորհրդարանական ընտրությունների բուն զարգացումները, կարծում եմ, մտան գուցե ոչ բոլորի համար ընդունելի ու հիմնավորված, սակայն սահմանադրական փուլ, ինչը ողջունելի է: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանը:
Սահմանադրությունը անվերապահորեն քննադատելու հատուկ սեր ունեցողների (իսկ դրանց մի մասը իմ լավագույն ընկերներն են) համար նա նկատում է, որ սահմանադրական մշակույթը խեղվում է, երբ առաջանում է խորը հակասություն սահմանադրական նորմերի էության և իրական իրավագիտակցության միջև:
«Օրինակ, Գերմանիայում խորհրդարանի մի գումարման ընթացքում այս կամ այն խմբակցությունից դուրս է գալիս 1, ծայրահեղ դեպքում՝ 2 պատգամավոր, և այդ երևույթը միանշանակ որակվում է, մեղմ ասած, ոչ խրախուսելի պահվածք, մինչդեռ՝ «մերն ուրիշ է». այդ բացառությունը մեզանում, թերևս, օրինաչափություն է: Բայց, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի. այս երևույթը, վաղ, թե ուշ, վերջապես դաս կլինի ապագա կուսակցությունների համար, որպեսզի խմբակցություններում ներառվեն բացառապես մարդիկ, որոնց պարագայում «կայուն մեծամասնություն» կոչվածը այդպիսին կընկալվի ոչ միայն զուտ քանակով, այլև բովանդակությամբ», - նշում է նա:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի:
Երկու օրում «Հանրապետական» խմբակցության 9 և խմբակցությունը լքած ևս 8 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը:
Կայուն մեծամասնության բացակայությունն ինքնին խորհրդարանի լեգիտիմությունը վիճահարույց է դարձնում, գրում է Դանիելյանը: «Իհարկե, կարելի է մտածել, որ խմբակցությունից դուրս գալը պետք է հիմք լինի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար, սակայն դա կլինի անհիմն բոնուս՝ խեղաթյուրված կուսակցական շինարարության համար:
Մյուս կողմից, շատերը կարող են հակադարձել, թե հակառակ պարագայում, թերևս, կարող ենք խրախուսել ժողովրդի կամքն անտեսող անխոհեմ համառությունը, բայց այդպիսի հարցադրում չի առաջանա, եթե ներդրվեն ժողովրդի կամքը հստակ բացահայտող, այն չխաթարող սպառիչ կառուցակարգեր (ազնիվ ընտրություններ, դրան հաջորդող՝ հավաստի ու անկախ սոցիոլոգիական հարցումներ, հանրաքվեներ, այդ թվում՝ խորհրդատվական և այլն)», - եզրափակում է նա: