25.11.2024
Էրդողանը` Գերմանիա կատարած այցի մասին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը կքննարկեն Ազգային ժողովը լուծարելու հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին է ասել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։


Հանդիպման տեղի ու ժամի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում, հայտնում է Aysor.am-ը:


Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեռևս չունեն հստակ սահմանված օր, թե երբ կհանդիպեն վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար։


Նույն տեղեկությունը լրագրողներին են փոխանցեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ: Նա հավելել է, որ դա անհրաժեշտ է հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարելու համար և որպեսզի երկրի զարգացման հարցերը դառնան օրակարգի միակ հարցը:


Այդ անհրաժեշտությունը վարչապետը հիմնավորել է այն փաստով, որ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 81 տոկոսը։


ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։ Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։ «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։


Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։ «Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։