Զարիֆը չի բացառել ԱՄՆ հարձակումը
Հնարավոր է՝ Իրանը դուրս գա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, եթե Եվրոպայի առաջարկած հատուկ ֆինանսական մեխանիզմը չաշխատի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Mehr-ը:
Ի պատասխան հարցին՝ սա կարո՞ղ է առիթ դառնալ ԱՄՆ կողմից հարձակման համար, նա նշել է, թե եթե Միացյալ Նահանգները համարի, որ նման հարձակման մեջ կհաջողի, ապա կարող է դրան դիմել: Նրա խոսքով՝ Իրանը ծրագրում է նավթի արտահանման վրա սահմանված ԱՄՆ պատժամիջոցները շրջանցել այլ արժույթներով առեւտրի միջոցով:
«Դուք նայում եք մեր շուրջը եղած ամերիկյան բոլոր բազաներով քարտեզին եւ ասում. «Ինչո՞ւ են իրանցիներն իրենց երկիրը տեղադրել այս բոլոր բազաների կենտրոնում»: Մենք մեր տարածաշրջանում ենք: Մենք չենք ներխուժել եւ ոչ մի երկիր: Մենք զորք չենք ուղարկում այնտեղ, որտեղ մեզ չեն խնդրել: Մենք ոչ մի երկիր չենք ռմբակոծել: Մենք չենք նվաճել ուրիշ երկրի տարածքը»,- նշել է Զարիֆը: