Հանրապետական կուսակցությունն այսօր ԳՄ նիստ է հրավիրել, որը կվարի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ն ավելի քան մեկ ամիս ԳՄ նիստ չէր հրավիրել, բայց այս պահին հայտնի չէ, թե ինչ հարցեր են ներառված դրա օրակարգում: Մասնավորապես, արդյոք հանրապետականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կանդրադառնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցին:
VERELQ-ի աղբյուրները պնդում են, որ հանրապետականները անշուշտ կքննարկեն նաև այս հարցը, թեև հրապարակայնորեն այդ մասին չեն արձանագրի, որպեսզի ցույց չտան, թե այդ հարցը իրենց օրակարգում է և այդպիսով մեկ լինեն հայտարարությունները, թե ԱԺ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Ավելի կարևոր է իրենց համար լսել Սերժ Սարգյանին, ով դեռ մայիսին խոսք էր տվել երկու-երեք ամսից ներկայացնել իր կուսակիցներին, թե ինչու եղավ այն, ինչ եղավ: Այնպես որ այս իմաստով, նշեց մեր աղբյուրը, ՀՀԿ-ականների համար արտահերթի թեման իսկապես երկրորդական է:
ՀՀԿ-ից, հիշեցնենք, արդեն իսկ հայտարարել են, թե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում և այս պահին կան ավելի կարևոր հարցեր երկրում, քան այդ քաղաքական միջոցառումը, որի մասին խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նման կարծիք, մասնավորապես, հայտնել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ի դեպ, մամուլն այսօր գրել էր, որ ՀՀԿ-ում մոտեցումն ԱԺ լուծարմանը միանշանակ չէ․ «մեծամասնությունը դեմ է, սակայն կան պատգամավորներ, որոնք գտնում են, որ պետք է ցրել պառլամենտը, լիբերալ-պահպանողական նոր պրոյեկտներով մասնակցել ապագա ընտրություններին։ «Չնայած՝ դիրեկտորը ոնց կասի․ էս պահին լուռ է ու լուռ»,- ասում են նրանք։ Դիրեկտորը Սերժ Սարգսյանն է»»,- գրել էր «Հրապարակ» օրաթերթը։