Պաշտոնական Բաքվի ջղաձիգ արձագանքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը
Պաշտոնական Բաքուն, չդավաճանելով ինքն իրեն, բավականին ջղաձիգ արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությանը, որում վերջինս կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու գործելաոճից:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և դուրս եկել կազմակերպության մանդատի շրջանակից: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, սուբյեկտիվ է և կողմնակալ և հակասում է ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշմանը հակամարտության մասով` բացառությամբ Հայաստանի», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Իր հերթին, հակառակորդ երկրի ԱԳՆ-ն մեղադրել է Խաչատուրովին, որ վերջինս միտումնավոր լռում է այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-երը կրակ են բացում Ադրբեջանի ուղղությամբ:
«Խորհուրդ ենք տալիս ռազմական հռետորաբանությունից խոսող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթանալ ՀՀ վարչապետի անիմաստ ու իրար հակասող հայտարարություններին, որոնք նպաստում են իրավիճակի սրացմանը և բանակցային գործընթացի խոչընդոտմանը», — ասված է հայտարարության մեջ:
Մինչդեռ հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը նշանառության տակ է առել հայկական սահմանամերձ բնակավայրերը, ինչը ոչ միայն նյութական վնասների է հանգեցնում: Այդպես, սեպտեմբերի 16-ին վիրավորում էր ստացել Կոթիի 60-ամյա բնակիչը, իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի կրակոցից սպանվել էր ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը (ծնված 1980թ, 2011-ից ծառայում էր Տավուշում):