Ճիշտ կլինի, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. վարչապետ
ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով նախարարներին նա ասաց, որ սեղաններին դրված է ՀՀ ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան.
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Երևանում, շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը կարծիք հայտնեց, որ նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, ըստ նրա, որ այդ ուղղությամբ քայլ արվի:
«Որքանով հասկացա այս զրուցարանը լինելու է ոստիկանության աշխատողների մոտ»,-նշեց նա, ինչին ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաստատեց՝ ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ, ունենալու են այն: