ԱՄՆ-ը ավելի քան $1,5 տրլն է ծախսել Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում պատերազմելու վրա
Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ամերիկացի հարկատուների վրա ընդհանուր առմամբ նստել են արդեն ավելի քան 1,5 տրլն դոլար, հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի հաշվարկներին:
«2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակաշրջանում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պատերազմների հետ կապված ծախսերը ծածկելու համար հատկացրել է 1,501 տրլն դոլար», - ասված է զեկույցում, որից մեջբերում է արել հեռուստաալիքը:
Հաշվետվության մեջ տեղեկատվությունը ներկայացված է ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ: Առավել շատ միջոցներ են ծախսվել Իրաքում իրականացված ռազմական գործողությունների վրա՝ մոտավորապես 731 մլրդ դոլար կամ ընդհանուր գումարի 49 տոկոսը:
Աֆղանստանում ծախսվել է 584,3 մլրդ դոլար: Ամենաքիչ միջոցները հատկացվել են Սիրիայում իրականացվող ռազմարշավին՝ մոտավորապես 23,5 մլրդ դոլար: Աֆղանստանի և Իրաքի պատերազմներով ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 2 մլն ամերիկացի զինվորներ ու սպաներ: Այդ ռազմարշավներում, նաև ԻՊ-ի դեմ պայքարում Պենտագոնի ընդհանուր անդառնալի կորուստները կազմել են շուրջ 6,8 հազար մարդ, ևս 52,3 հազար զինծառայողներ վերքեր են ստացել: