Այս գաղտնալսումը շատ մտահոգիչ փաստ է. ԱԱԾ պետ (ասուլիսն ուղիղ)
11.09.2018
Այս գաղտնալսումը շատ մտահոգիչ փաստ է: Հարուցվել է քրեական գործ, առաջիկայում դրա մանրամասները կներկայացվեն: Սա շատ վատ փաստ է, բայց անվտանգության ցուցիչ չէ:Այս մասին շտապ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված սկանդալային հեռախոսազրույցին:
«Խոսակցությունը, այո, եղել է Ռոբերտ Քոչարյանի հայտնի վճռով որոշում կայացնելու օրը, այն լսել եք բոլորդ: Ուղղակի ուզում եմ ասեմ, որ քանի որ դատարանի առջև կանգնած էին Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավր քարտուղար Յուրի Խաչատուրովը պետք էր 100 տոկոս համոզված լինեինք, որ այդ գործում որևէ թերացում և թերություններ չկան: Նման քննարկումներ իմ և պարոն Խաչատրյանի միջև եղել են, եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- հայտարարեց Վանեցյանը:
ԱԱԾ պետը շեշտեց՝ այն, ինչ իրենք անում են, այն պայքարը, որ սկսել են շարունակելու են և իրենց ոչինչ չի խանգարելու.
«Որևէ խոչընդոտ չի կարող լինել մեր սկսած գործում. ՀՀ-ից թալանված գումարները վերադարձվելու են, իսկ մարդասպանները կանգնելու են դատարանի առջև»,- ասաց նա:
Վանեցյանը նաև ասաց, որ դա իրենց մասնավոր զրույցն է եղել և «երբեք չէին մտածի, որ իրենց կլսեն»: Ինչ վերաբերում է դատավորին, որի մասին հիշատակում է և որի մասով ասում է, թե դատավորը զանգել էր և վախեցած էր (այդ մասին ասվում է հեռախոսազրույցի ժամանակ), ապա ԱԱԾ պետն ասաց, որ ինքը չի խոսել նշված դատավորի հետ, դա անհերքելի փաստ է և անգամ ծանոթ չէ նրա հետ:
Իսկ ահա արտահայտությունը՝ «ռուսների հետ հազիվ ենք բարիշել», ապա այս դեպքում ևս ասաց նույնը՝ սա եղել է երկու մարդու միջև խոսակցություն, որի ընթացքում խոսակցական լեզվով ասել է այն, ինչ ասել է.
«Այո, գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և նոր իշխանությունները գնում են այլ ուղղությամբ: Դա կար նաև մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»,- պարզաբանեց իր հայտարարությունը Վանեցյանը:
Հարցին, թե ինչպես է գաղտնալսումը տեղի ունեցել՝ Վանեցյանը նշեց, որ այս պահին դեռ վաղ է հստակ խոսելը: «Այս պահին չեմ կարող պատասխանել, թե ինչպես է տեղի ունեցել գաղտնալսումը, ով է գաղտնալսել: Կարող եմ ասել, որ գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն : Սակայն չեմ կարծում, որ մեր ծառայությունում կան դավաճաններ, ովքեր կարող են իրականացնել իրենց ղեկավարի խոսակցությունների գաղտնալսում:
Չեմ բացառում, որ մեծ փողերով մարդիկ կարողացել են գնել հատուկ տեխնիկա ու իրականացնել գաղտնալսումը»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Նա հավելեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա քննությունը՝ ընդգծելով, որ չի կարող խոսել ենթադրություններով: «Եթե դավաճաններ կան, պետք է պատասխան տան»,- հայտարարեց Վանեցյանը:
Իր հերթին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ այո, տեղյակ է պահել վարչապետին, որ գործով անցնող բոլոր անձանց մասով միջնորդությունները ներկայացվել են դատարան: Այսինքն՝ խոսքը միայն այս մասնավոր դեպքի մասին չէ, պարզապես այս գործի սպեցիֆիկան այն է, որ գործով անցնում են բարձրաստիճան անձինք, որոնք կարող են միջամտել գործի ընթացքին և կալանքը նրանց դեպքում կարող է շատ արդյունավետ լինել: