Հայկ Մարությանը զգուշացրեց՝ պատիժը կտրուկ ու խիստ է լինելու
Ես ուզում եմ զգուշացնել այն ուժերին և այն մարդկանց, ովքեր փորձել են ընտրակաշառք բաժանել՝ պատիժը շատ կտրուկ է լինելու, առավել ևս, որ պատիժը նաև արդեն խստացվել է: Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով լուրերին, թե այդուհանդերձ ընտրակաշառք է բաժանվում:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե նման բան իսկապես կա, ապա իրավապահները կզբաղվեն այդ հարցով և վստահություն հայտնեց, որ նման դեպքերը կբացահայտվեն:
Հարցին՝ ինքը բացառո՞ւմ է, որ իրենց օգտին բաժանվի ընտրակաշառքը, Մարությանը նշեց.
«Իհարկե բացառում եմ, դա ուղղակի անպատկերացնելի է: Մենք դրա կարիքը վստահաբար չունենք»,- շեշտեց նա:
Նշենք, ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր արել իրավապահներին զբաղվել այդ լուրերի իսկությունը ճշտելու հարցով.
«Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հանրությանը մոլորության մեջ գցող և կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»: