Երևանն էլ ունի աղետի գոտի, քանի որ ՀՀ-ում եղել է մեկ ուժի քաղաքականություն. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն վարչական շրջանից: Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում հայտարարեց, որ հարցը՝ որտեղից մեկնարկել քարոզարշավը, նույնիսկ երկար չի քննարկվել, քանի որ Նուբարաշենը Երևանի աղետի գոտին է:
«Մենք շատ ենք խոսում Հայաստանում աղետի գոտու մասին, որը տարիներ շարունակ չենք կարողանում վերականգնել, որովհետև ամեն անգամ աղետի գոտու գումարները հայտնվել են տարբեր պաշտոնյաների գրպաններում: Բայց Երևանը ևս ունի աղետի գոտիներ և դրանցից մեկը Նուբարաշենն է»,- հայտարարեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անցնում էին աղբավայրի կողքով ու անհարմար զգում, որովհետև երբ 3 տարի առաջ Ազգային Ժողովը վավերացրեց հերթական վարկը և պետք է աղբի վերամշակման գործարան կառուցվեր, բայց դա այդպես էլ չիրականացավ: Զոհրաբյանը նշեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը անհարմար է իրեն զգում, որովհետև իր սակավ քվեով չի կարողացել պաշտպանել քաղաքացիների իրավունքը.
«Այսօր փորձում ես գտնել պատասխանատուներին, թե ինչի չի կատարվել կառավարության այդ ստանձնած պարտավորությունը, բայց ամեն ամիս Հայաստանը տուգանք է վճարում միջազգային բանկերից մեկին հերթական խաբել-գցելու-շորթելու համար: Եվ այս ամենը այն պատճառով, որ Հայաստանում եղել է մեկ ուժի քաղաքականություն»,- հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:
Նրա խոսքով, քաղաքական մենաշնորհը բերում է նրան, որ կարող է լինել ժողովրդավարության ֆասադ կամ ժողովրդավարության իմիտացիա, բայց ոչ ժողովրդավարություն։ Եվ դա պետք է փոխվի:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր բոլորի խնդիրը մեկը պիտի լինի ՝ երևանցուն ներկայացնել Երևանը 21-րդ դարի քաղաք դարձնելու ծրագիրը, երևանցուն ներկայացնել Երևանը կայուն զարգացող և ապրելու համար հարմար քաղաք դարձնելու իրենց ծրագիրը:
ԲՀԿ ցուցակի առաջին եռյակում ընդգրկված ավագանու թեկնածու Արման Աբովյանն էլ լրագրողներին հայտնեց, որ թեև այս ընտրությունները նախորդներդների հետ համեմատելու համար դեռ վաղ է, բայց միանշանակ է, որ ինքն այսպիսի անկեղծ ընտրություններ նախկինում չի տեսել.
«Բարգավաճ Հայաստանն» անելու է ամեն ինչ, որպեսզի այդ մթնոլորտը պահպանվի և ընտրություններն անցնեն լավատեսական էմոցիաների ներքո»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ԲՀԿ-ն քարոզարշավի մեկնարկն ազդարարել է Նուբարաշեն վարչական շրջանից: Քարոզարշավը կտևի 12 օր՝ սեպտեմբերի 23-ին երևանցիները Երևանի ավագանի կընտրեն:
Նշենք նաև, որ ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ Երևամի համար հիմնական պայքարն ընթանալու է Հայկ Մարությանի և Նաիրա Զոհրաբյանի միջև: