24.11.2024
Երևանն էլ ունի աղետի գոտի, քանի որ ՀՀ-ում եղել է մեկ ուժի քաղաքականություն. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Ավելի քան 880 մլն դրամ. ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին 120 մլրդ դրամ ավել հարկ է հավաքել

2018 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880․1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670․7 մլրդ. դրամը՝ հարկային մարմիներին կողմից, իսկ 209․4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։ Աճը կազմել է 120․8 մլրդ դրամ՝ 15․9 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 10-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:


«Սակայն հիմա այս գումարը պետք է զտենք, այսինքն՝ հանենք այն գումարը, որը վերադարձվել է բիզնեսին կամ հանրությանը։ 2018 թ․-ի 8 ամիսների ընթացքում մենք վերադարձրել ենք 67․2 մլրդ դրամ, իսկ դրանք հիմնականում ԱԱՀ-ն, հիփոթեկային գծով վերադարձի գումարներն են և այլն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մենք վերադարձրել ենք 24․5 մլրդ դրամ»,- շարունակեց Դավիթ Անանյանը։


Նա նաեւ անդրադարձավ եկամտահարկի ու շահութահարկի գծով հարկային բեռի նվազեցմանը՝ նկատելով, որ այս հարցին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ վարչապետի կողմից արված 2 առաջարկները՝ համահարթ տոկոսադրույքների կիրառման և սանդղակի կիրառման գաղափարը, որոնք, ըստ էության, ներկայացված ավելի քան 12 օրինակներից 2-ին էին։


«Ե՛վ մասնագիտական հանրությունը, և՛ կառավարությունն ավելի շատ կենտրոնացել է վարչապետի արած 2 առաջարկների վրա։ Այսինքն՝ մենք ունենք ուղղակի հարկային գծով հարկերի նվազեցման հստակ նպատակադրում, որն իրագործելու ենք այս տարի, թե ինչպես կլինի` հավելյալ կասենք»,- ասաց նա։


Դավիթ Անանյանը նկատեց, որ եկամտահարկի ու շահութահարկի իջեցման 12 օրինակներն իրականում վարչապետ Փաշինյանի առաջարկած 2 տարբերակների տարբեր մոդիֆիկացիաներն են։ Նրա կարծիքով՝ եկամտահարկը 23 տոկոս իջեցնելը ստարտային է։ Նա համաձայնեց այն դիտարկմանը, որ այս պահին եկամտահարկի իջեցումը միտված է ստվերի կրճատմանը։


«Այս 23 տոկոսն էլ պետք է ժամանակի ընթացքում իջնի, բայց ինչ տեմպերով, տարեկան քանի տոկոսով՝ 0․1, թե 0․5, այս պահին չեմ կարող ասել։ Այս 23 տոկոս սահմանը նպատակ ունի ստվերից բերել դեպի թափանցիկ դաշտ այն եկամուտները, որոնք դեռևս վճարվում են ծրարով։ Եթե մենք ունենանք հստակ պատկերացում, թե ինչ ծավալի մասին է խոսքը, ապա պարզ կլինի, թե ինչ տեմպերով է անհրաժեշտ իջեցնել այդ 23 տոկոսը։ Մենք կարծում ենք, որ X ժամանակաշրջան հետո մենք ունենալու ենք, օրինակ՝ 20 տոկոս եկամտային հարկ, բայց սրան պետք է հասնենք որոշակի ժամանակ հետո, քանի որ միանգամից 20 տոկոսի գնալը նշանակում է հարկաբյուջետային համակարգի կոլապս, որը որևէ մեկս չենք ցանկանում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։


Դավիթ Անանյանը նկատեց, որ ինքը՝ որպես մասնագետ, հակված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած համահարթ հարկման տարբերակին։ Ըստ նրա՝ սա զուտ ճանապարհի սկիզբն է, որով ազդարարվում է, որ, ի վերջո, ՀՀ-ն ունենալու է շահութահարկի ու եկամտահարկի համահավասար հարկման տոկոսադրույք՝ 23 տոկոս։


«Մի շատ կարևոր բան էլ կա․ տեսեք, եթե մենք մինչև 150 հազար դրամ ստացողի բեռը 3 տոկոսով իջեցնենք, ապա 3000 դրամով եկամուտների աճ կլինի, որը, ճիշտ է, կարևոր է, բայց էական բան չի փոխում։ Ամենակարևորն այն է, որ պայքարեն 100 կամ 150 հազար ստացողի եկամուտն ավելացնելու համար։ Այսինքն՝ հարկային համակարգն այնպես պետք է փոխեն, որ ձեռներեցությանը նպաստի, տնտեսությունը զարգացնելով, մենք կունենանք եկամուտների աճ»,- եզրափակեց Դավիթ Անանյանը։