«Բարգավաճ Հայաստան»-ը քարոզարշավի ընթացքում որևէ թեկնածուի չի նեղացնելու. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավի ընթացքում որևէ թեկնածուի չի նեղացնելու: Այս մասին Նուբարաշեն համայնքում, ազդարարելով Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ այդ մասին ասել է իր թիմակիցներին և ընդգծել, որ ժողովուրդն է որոշողը.
«Որոշողը ժողովուրդն է, նա պետք է որոշի իր և իր քաղաքի ապագան: Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցելու, բայց պատասխանատվությունը կրելու են նրանք, ում կվստահեք և իրենցից էլ պետք է պահանջեք»,- հայտարարեց Ծառուկյանը:
Ըստ նրա, կարևորը, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իսկ դա լինում է միայն այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է, երբ մարդիկ լավ և բարեկեցիկ են ապրում: Եվ միայն այն դեպքում, ասաց նա, ներգաղթ կլինի, երբ տնտեսությունը զարգանա և ստեղծվեն նոր աշխատատեղեր.
«Մինչև այս խնդիրները չլուծվեն՝ ներգաղթ չի կարող լինել: Դրա համար պետք են պայմաններ, հնարավորություններ, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Այդ ամենը ես շատ լավ պատկերացնում եմ ու գիտեմ, միշտ աջակցել եմ ու պատրաստ եմ աջակցել»,- հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանը նաև ասաց, որ բարեգործությամբ երկիր չես կառուցի, իսկ երկրի զարգացման համար հարկավոր են ծրագրեր ու պայմաններ, նաև ներդրումներ: Այս ամենն է երկրի զարգացման հիմնասյունը:
Վերջում նա հորդորեց երևանցիներին ընտրել այնպես, ինչպես ցանկանում են, բայց հիշեն, որ ապրողը իրենք են, իսկ այս ընտրությունից կախված է մայրաքաղաք Երևանի ապագան:
Նշենք, որ ԲՀԿ-ն քարոզարշավի մեկնարկն ազդարարել է Նուբարաշեն վարչական շրջանից: