Մենք նույն աչքով ենք նայելու բոլորին՝ թե՛ մեզ ընտրածներին, թե՛ չընտրածներին. Մարության
Երևանը մեր բոլորինն է և եթե ժողովրդի մեծամասնությունը մեզ տա քվեն ու մենք գանք քաղաքապետարան, ապա մենք նույն աչքով ենք նայելու բոլորին՝ թե՛ մեզ ընտրածներին, թե՛ մեզ չընտրածներին: Այս մասին քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը:
Մարությանը նշեց, որ պատրաստ է նաև համագործակցել մյուս ուժերի հետ, որոնք այսօր մրցակից են Երևանի ավագանու ընտրություններում և նույնիսկ կյանքի կոչել լավագույն ծրագրերը, քանի որ նպատակը լավ ու արդյունավետ կառավարումն է.
«Ես չեմ բացառում կոալիցիոն համագործակցությունը»,- նշեց նա:
Քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ իրենց ծրագիրը ու ներկայացված նախագծերը մայրաքաղաքի այս կամ այն խնդիրը լուծելու մասով հստակ ժամկետներ չունեն, քանի որ սկզբում դեռ պետք է հասկանան, թե ինչ սխեմաներ են գործել քաղաքապետարանում և դրանք վերացնեն: Դրա պատճառով ժամկետները նշված չեն, թեև պատկերացումներ դրանց մասով իրենք ունեն: Օրինակ, կոնկրետ աղբահանության խնդրի մասով, եթե իրենք ընտրվեն, նախատեսել են 6 ամիս ժամանակ այդ հարցըլուծելու համար:
Հայկ Մարությանը նշեց, որ բակ առ բակ, դռնեդուռ գնալու են, հանդիպելու են բնակիչների հետ և վստահություն հայտնեց, որ սեպտեմբերի 23-ին երևանցիներն ունենալու են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ.
«Դա պատմական օր է լինելու, որին սպասել ենք տասնյակ տարիներ։ Երևանցիներն են որոշելու Երևանի ապագան։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ համոզեմ, որ ինձ ընտրեն», - հայտարարեց նա:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, այսօր մեկնարկեց Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը: Երևանի համար պայքարում է 8 կուսակցություն և 4 դաշինք: