Ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
Փաշինյանը մասնավորապես ասել է. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաները»: Նրա խոսքերով`ռուս մասնագետները «երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա`սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»:
Նա նաև պարզաբանել է, որ այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո: «Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,-ավելացրել է Հայաստանի վարչապետն ու նշել, որ դրանք շատ լավ որակի լաբորատորիաներ են:
«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին ու պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն այնտեղ եղել են, և երբ կրկին ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»,-եզրափակեց վարչապետը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն է հայտնել`կապված Վաշինգտոնի`ռազմակենսաբանական ոլորտում, Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ցուցաբերած կենսաբանական ակտիվության հետ:
Նրա խոսքերով` Մոսկվայում համարում են, որ չնայած հակառակի բոլոր հավաստիացումներին` ԱՄՆ գործողությունները իրականացվում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը:
Քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքներով խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է այն փաստը, որ Ռուսաստանում անհասկանալի է, թե ինչ նպատակներով են հավաքում տարբեր էթնոսների ներկայացուցիչների բիոմատերիալները:
Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ այդ կենսաբանական նյութերի հավաքման վերաբերյալ տվյալների տիրապետում են ռուսական հատուկ ծառայությունները: