23.11.2024
2.7 տրիլիոն դրամ․ ավանդների ծավալը ՀՀ բանկերում ռեկորդային մակարդակի է հասել
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովը վերացնում է «քաղաքական տուրիզմը»

Ազգային Ժողովի պատգամավորները մտադիր են որոշակի փոփոխություններ կատարել բարեկամական խմբերի գործունեության ընթացակարգերում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հավանության արժանացավ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ճանապարհային քարտեզը:


Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ բարեկամական խմբերի գործունեությունը հանրության զգալի հատվածի կողմից ընկալվում է իբրև «քաղաքական տուրիզմ».


«Մեր նպատակն է վերջ դնել նման ընկալմանը, իսկ եթե այդ խնդիրն ունի հիմքեր, ապաև վերացնել այդ երևույթները»,- ասաց նա:


Աշոտյանն ընդգծեց, որ ներկայացված փաստաթուղթը հնարավորություն է ընձեռում բարեկամական բոլոր խմբերին աշխատել նույն սխեմայով, ապահովելով համապատասխան քաղաքական և հանրային հնչեղության մակարդակ: 


«Բացի այդ, բարեկամական խմբերի թիրախը այսուհետ միայն տվյալ երկրի խորհրդարանը չի լինելու, խմբերը պետք է կապեր հաստատեն այդ երկրների ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ»,- տեղեկացրեց պատգամավորը:


Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ներկայացված փաթեթը ենթադրում է նաև հաշվետվողականության մեխանիզմներ, ինչը կստեղծի «հիշողության բազա»: Իսկ դա, բացատրեց նա, հարկավոր է այն բանի համար, որ ամեն անգամ նոր հանձնաժողով ձևավորելիս տպավորություն չստեղծվի, թե անհրաժեշտ է աշխատանքը սկսել զրոյից: