ԱՊՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Աշխաբադում 2019-ի հոկտեմբերին
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Թուրքմենստանի նախագահությամբ, տեղի կունենա Աշխաբադում 2019 թվականի հոկտեմբերին, Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ-ի մշտական ներկայացուցիչների նիստից առաջ: 2019 թվականին ԱՊՀ-ի նախագահությունը Տաջիկստանից անցնում է Թուրքմենստանին:
«Թուրքմենստանը շատ լրջորեն ու հիմնավոր է մոտենում հաջորդ տարի ԱՊՀ-ում իր երկրի նախագահությանը, պատրաստվել է նախագահության հայեցակարգը, որը նախատեսում է այդ երկրի նախագահությամբ բազմաթիվ միջոցառումների անցկացում Թուրքմենստանի տարածքում: Դրանց թվում են՝ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի հոկտեմբերին Աշխաբադում, կառավարությունների ղեկավարների նիստը, որն արդեն պլանավորված է հաջորդ տարվա մայիսի վերջին», - ասել է Լեբեդևը:
Լեբեդևի խոսքով՝ ծրագրվում է անցկացնել նաեւ ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
«Ես վստահ եմ, որ մշտական և լիազոր ներկայացուցիչները հավանություն կտան այն միջոցառումներին, որոնք Թուրքմենստանը պլանավորում է հաջորդ տարի», -ասել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահը: