25.11.2024
Դիմակավորված և զինված անձինք ներխուժել են վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան տարածք
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սպանության համար մեղադրվածը` ՀՅԴ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Հիշեցնենք, որ նա սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ 1995թ. դեկտեմբերի 26-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր։ Նա երկու անձի երաշխավորությամբ ազատ էր արձակվել, քանի որ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրացել էր»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։ Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։ Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք է գործել աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել, գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով քննել եւ պարզել, թե ով է մուտք գործել՝ որ ստորաբաժանման ներկայացուցիչները եւ ինչ նպատակով։ Կարելի է ենթադրել, որ Ֆարմանյանի քրոջ դեմ հարուցված քրգործով իրավապահները չեն բավարարվել եւ ինչ-որ ապացույցներ են փնտրում՝ նրա դեմ գործ հարուցելու համար եւս։


«Հրապարակ» թերթը գրում է. «Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի միջև բանակցություններն անպտուղ են եղել։ Ախոյանը երեկ մեզ հայտնեց, որ սկսում է Մայր Աթոռի դեմ դատական գործընթացը․ «Բանակցությունները համարում եմ ավարտված, շնորհակալություն միջնորդներին, ամեն ինչ արեցին, որ դրական լուծում լինի, բայց ապարդյուն։ Հիմա դատական կարգով հարցը կլուծենք, քանի որ բանակցությունները կարող են տարիներ ձգվել, իսկ ես այդքան ժամանակ չունեմ»։ Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Որոշ տեղեկություններով, մոտ 400 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ավելի վաղ գրել էինք, որ իր դեմ բողոքի ակցիաների պատճառով կաթողիկոսը որոշել է հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ չլուծված խնդիրներ է ունեցել։ Ի դեպ, նա որոշել է հետ չմնալ իշխանություններից և Ֆեյսբուքում էջ է բացել, ստատուսներ է գրում, իսկ հոգևորականները նրա էջն ուղարկում են օգտատերերին՝ «լայքելու»: Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Տեր-Մելիքյանը մեզ պատասխանեց. «Կարծում եմ՝ լավ է, որ այդպես է, և պահանջված»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական ասպարեզում փոփոխությունները շարունակվում են: ԱԳՆ աշխատակից Արա Մարգարյանն առաջիկայում նշանակվելու է ԱՄՆ-ում փոխդեսպան: Նա իր էջում աչքալուսանք է տվել ընկերներին․ «Ցտեսութի՜ւն սիրելի ընկերներ, ցտեսութի՜ւն սիրելի Երեւան։ Իմ դիվանագիտական կյանքում նոր մի էջ է բացվում. մեկնում եմ ԱՄՆ՝ Վաշինգտոն, ծառայելու հայրենիքիս»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այսօր լրանում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը, սակայն երեկ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է միայն նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը` հավելելով, որ վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ն է: Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տասնյակն ուժ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն մեկ օր առաջվա դրությամբ փաստաթղթերը մեկ ուժ է ներկայացրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ եւ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։ Հիշեցնենք, որ ղեկավարը մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն էր, ապա «Ելք»-ում տեւական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության ղեկավարը պետք է «ՔՊ»-ից լինի։ Բացի այդ, կարծում են, որ իրենց գործընկերները հեղափոխության շրջանում իրենց լավ չեն պահել եւ կորցրել են իրենց հետ իշխանությունը կիսելու շանսը։ Նախնական տեղեկություններով, «Ելք» խմբակցության ղեկավար կընտրվի «ՔՊ»-ից Լենա Նազարյանը, ինչը նշանակում է, որ Էդմոն Մարուքյանը զիջել է դիրքերը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք աշխատավարձից բացի նաեւ հավելավճարներ են ստանում: Այս քայլին են գնացել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով: Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է պարգեւատրումներին ու հավելավճարներին, ապա ոչ միայն ՊԵԿ նախագահի տեղակալները, այլեւ ողջ աշխատակազմը հավելյալ վարձատրվում է ըստ կատարած աշխատանքի արդյունավետության, բայց ոչ այն չափով, որը նշված է Ձեր հարցմամբ. 2 միլիոն դրամ հավելավճարը խիստ չափազանցված է»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում և համայնքապետարաններում։ Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանների գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր հարցում է անցկացրել եւ պարզել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Վարդաբլուր, Վայոց ձորի մարզի Սարավան, Սերս համայնքներում ընդամենը մեկ առաջին դասարանցի է լինելու, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ երկուսը: Բայց նման տխուր պատկեր ոչ միայն այս համայնքներում է, այլեւ հայաստանյան մի շարք ուրիշ գյուղերում: ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ չի հրապարակել այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, սակայն դժվար չէ կռահել՝ այն նվազել է: Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2016թ. առաջին դասարան ընդունվածների թիվը 39 հազար 514 էր: Ստեղծված իրավիճակի պատճառների մասին շատ է խոսվել. սա հետեւանք է վերջին տարիներին Հայաստանից տեղի ունեցած արտագաղթի, ծնելիության նվազման: ԵՒ այս առումով նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի: Այլապես նման տեմպերով շարունակվելու դեպքում հայաստանյան մի շարք դպրոցներում ինչ-որ մի օր այլեւս աշակերտ չի լինի:


«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում ևս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել: Նշենք, որ մայիսից հետո հավկիթի գների իջեցում էր արձանագրվել: Եթե վերջին երեք ամիսների ընթացքում ձու կարելի էր գնել 40, 45 և անգամ 35 դրամով, ապա վերջին շաբաթվա ընթացքում գները բարձրացել են ու հասել 55–70 դրամի: Մեզ հետ զրույցում որոշ խանութների աշխատողներ վստահեցնում էին, որ իրենք էլ մատակարարներին հարցնում են, թե ինչու են թանկացնում հավկիթը: Նրանց պատասխանել են, թե իրականում մայիսին եղել է «գնանկում՝ կապված ներքին պայմանավորվածությունների հետ», այսինքն՝ արհեստական գնանկում: Գների բարձրացման պատճառների վերաբերյալ առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ համարում, սակայն արդեն իսկ նման տատանումները մտահոգիչ են: Իսկ գուցե, ասենք, շաքարավազի գնի իջեցո՞ւմն էլ է «ներքին պայմանավորվածությունների արդյունք», ու առաջիկայում թռիչքաձև գնաճի ականատես լինե՞նք»: