26.11.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը մի քանի հարցի շուրջ պիտի ձևավորի համարժեք պայքար. Սաղաթելյան

Գլխավոր դատախազը, ով մեկ շաբաթ առաջ այս դահլիճում մասնակցում էր մարտի 1–ի ողբերգական դեպքերի քաղաքական շահարկմանը այսօր խուսափեց ներկա լինել քաղբանտարկյալների թեմայով լսումներին, որովհետև վստահաբար ինքը չունի հնչեցված փաստերին հակափաստարկներ և պատասխաններ այն բոլոր ապօրինությունների հետ կապված, որ նախաձեռնում կամ անմիջական մասնակցում է գլխավոր դատախազը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։


«Մենք նաև հրավիրել ենք միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, 2-3 դեսպանատնից ներկայացուցիչ կա։ Այստեղ էլ պետք է արձանագրել, որ խուսափել են գալ և մոտիկից ծանոթանալ Հայաստանի ժողովրդավարության իրական պատկերին, չնայած մենք այստեղի զեկույցները և արձանագրությունները իրենց ուղարկելու ենք։ Այստեղ տեսնում ենք երկակի ստանդարտ»,-ասաց նա։


Հարցին՝ արդյոք այստեղ չկա ընդդիմության բացթողումը, և արդյոք ճիշտ չէ ընդդիմության միասնական հարթակ ստեղծել և միասնաբար պայքարել, Սաղաթելյանը պատասխանեց. «Ես մի ամբողջական առաջարկություն եմ հնչեցրել, ու դա ոչ միայն առաջարկություն է, այլ դրան հետևելու են քայլեր և գործողություններ: Ես ընդդիմության միավորման մասին չեմ առաջարկություն հնչեցրել, ես հնչեցրել եմ հետևյալի մասին, որ կան կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական, ազգային մտածողություն ունեցող, հասարակական և քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է համագործակցեն և մենք հաջորդ շաբաթվանից սկսելու ենք դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ։ Կարծում ենք, որ դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել իրենց ուժերը, մեկտեղել՝ համատեղ ռեսուրսներով այս ռեպրեսիաներին դիմագրավելու համար։


Ընդհանուր միավորման մասին քննարկում չկա ու խոսքն էլ ընդհանրապես դրա մասին չի։ Այս իշխանությունների կողմից ձեռնարկված ռեպրեսիաներին, բռնություններին, ազատությունների սահմանափակման նկատմամբ ձևավորվել համարժեք հակազդեցություն, ընդդիմադիր դաշտում բացառել միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը, քաղբանտարկյալների իրավունքների հարցով ամբողջությամբ միասնաբար պայքարել իրենց իրավունքների և ազատության համար։


Այս իշխանությունը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, և այդ տեղի է ունենալու արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, օգտագործելու է ողջ պետական ռեսուրսը, բոլոր իր հնարավորությունները, փորձելու է քաղաքական հակառակորդներին չեզոքացնել, այս հարցում ևս ընդդիմությունը պետք է համագործակցի և կանխի այս չարիքի իշխանության վերարտադրությունը»,– ընդգծեց նա։