24.11.2024
Սամվել Բաբայանը չի՞ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ. գրասենյակի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Սևանը կրկին ջուր պետք է տա ոռոգման համար. ԱԺ-ն քննարկում է աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 68 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: 


Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ԱԺ-ին ներկայացրեց մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը: Նա նշեց, որ մինչև իր պաշտոնավարումը Ջրային կոմիտեն ներկայացրել էր 80 մլն դեֆիցիտի պահանջ, սակայն իր նշանակումից հետո հարցը քննարկվել է և որոշում կայացվել, որ ոչ թե 80, այլ 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնվի Սևանից: Իսկ մյուս մասը, ըստ նրա, կստանան պոմպակայանները շահագործելով, ինչը թեև ֆինանսական բեռ է առաջ քաշում, բայց առանց Սևանից վերցնելու հնարավոր չէր:


Գաբայանի խոսքով՝ այս ամենի արդյունքում ունենալու են 55 000 գյուղատնտեսական ընտանիքներ, ովքեր կարողանալու են ջուր ստանալ:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց՝ ջրի մաֆիա կա՞, թե չկա,  և եթե կա, ո՞վ է: Կոմիտեի նախագահը նշեց՝ այո, իր կարծիքով նման մաֆիա գոյություն ունի. «Բայց պետք է բացահայտենք՝ ովքեր են, ով է այդ մաֆիան»,-ասաց նա:


Իսկ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ նոր իշխանությունը  կրկնում է նախորդ իշխանության կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում ծրագրերը, թեպետ ժամանակին մոլի քննադատում էին:


«Այսօր դուք պատասխանատու եք գյուղացիների առջև, Սևանի էկոլոգիական վիճակի համար, դուք, վերջապես, դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ»,-  հայտարարեց Աշոտյանը: