26.11.2024
Քաղաքագետ. Էրդողանը վերածվում է մերձավորարևելյան Լուկաշենկոյի
prev Նախորդ նորություն

BBC. Թուրքիան կարևոր է Արևմուտքի համար

Թուրքիան կարևոր է Արևմուտքի համար, սակայն Վաշինգտոնում և ԵՄ որոշ երկրներում այժմ փորձում են հասկանալ, թե կոնկրետ որքանով: Այս մասին նշվում է BBC-ի թղթակից Ջոնաթան Մարկուսի հոդվածում:

Ամերիկացի որոշ փորձագետներ անգամ վստահ չեն, որ Թուրքիան կարող է համարվել ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը: Թուրքիան ՆԱՏՕ-ի նշանակալից անդամ է, և այդ երկրի ռազմաբազաները կարևոր են Միջին Արևելքում ԱՄՆ-ի օդային օպերացիաների համար: Այն ՆԱՏՕ-ի արևելյան թևի շուրջ հսկայական տարածք է ներառում, քանի որ Սև ծովի տարածքի ռազմավարական նշանակությունն աճում է Ռուսաստանի ակտիվացմանը զուգահեռ:

Թուրքիան նաև ԵՄ-ի ամենակարևոր արևելյան հարևաններից է, չնայած ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի փորձերն առայժմ անհաջող են՝ մասամբ նաև Էրդողանի ավտորիտար վարչակարգի պատճառով, գրում է Մարկուսը: Անկարայի դերը նաև նշանավորվում է ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կանգնեցնելու հարցում:

Թուրքիան այժմ լուրջ տնտեսական և քաղաքական ճգնաժամ է ապրում՝ կապված ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների և թուրքական լիրայի արժեզրկման հետ: Սակայն արդյո՞ք կարող է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հարցականի տակ դրվել: Հեղինակի կարծիքով՝ իրականում ՆԱՏՕ-ն անդամությունից զրկելու կանոնակարգ չունի, և Թուրքիան ինքը կարող է որոշել լքել դաշինքի շարքերը:

Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվել են՝ կապված միմյանց ցուցաբերած աջակցության մակարդակի հետ այս կամ այն հակամարտությունում: Այժմ, ի հակադրություն ԱՄՆ-ի հետ անհաշտության, Թուրքիան փորձում է ավելի սերտ համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ, չնայած, հեղինակի խոսքով, դժվար է պատկերացնել, որ Մոսկվան Թուրքիային կապահովի նույն անվտանգության երաշխիքներով, տեխնիկական աջակցությամբ և բարձր վարկանիշով, ինչ ՆԱՏՕ-ն:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այստեղ ևս ամեն ինչ բարդ է. մի կողմից ԵՄ բազմաթիվ պետություններ քննադատում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեպքերը, սակայն մյուս կողմից ԵՄ-ն տնտեսապես սերտ կապված է Թուրքիային:

Եվրոպական բազմաթիվ բանկեր լուրջ ներգրավվածություն ունեն երկրի տնտեսության մեջ, ուստի լիրայի արժեզրկումը դրանց կողքով չի անցնի, գրում է հեղինակը: Վերջերս երկու հույն զինվորների և «Amnesty International» կազմակերպության տեղի ղեկավարի ազատ արձակումով Թուրքիան ցույց տվեց, որ չի ցանկանում ԵՄ-ի հետ լարված հարաբերություններ ունենալ, ինչպիսիք այժմ ունի ԱՄՆ-ի հետ: Բացի այդ՝ Թուրքիայի ձեռքում է շարունակում մնալ ներգաղթյալների խաղաքարտը՝ հատկապես հիմա, երբ Թուրքիային սահմանակից Իդլիբի շրջանում լարված վիճակ է, որը կարող է ներգաղթյալների նոր հոսքի պատճառ դառնալ:

2016 թվականից ի վեր Թուրքիան մեծ դեր է խաղացել ներգաղթյալների հոսքը զսպելու հարցում, որի դիմաց ԵՄ-ն տրամադրել է մեծ ֆինանսական աջակցություն: Ուստի, հեղինակի կարծիքով, մոտ ապագայում ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են լավանալ ԱՄՆ-ի հետ լարվածությանը զուգահեռ: Սակայն հետագայի համար Թուրքիայի այժմյան ուղղվածությունը հեռու է Արևմուտքից:

Բազմաբևեռ աշխարհի պարագայում, երբ Վաշինգտոնն այլևս տարածաշրջանային մեծ համբավ չի վայելում, եվրոպացիները կարող են ժամանակավոր առավելություն ձեռք բերել: Սակայն Էրդողանը Թուրքիան տանում է արևմտյան արժեքներին և ազատական ժողովրդավարությանը հակասող ճանապարհով, ինչն ի վերջո կպայմանավորի ԵՄ-ի հետ հարաբերությունները: