Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շուրջ վերջերս ծավալված իրադարձությունները, որոնք հանգեցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականին, գնահատում է, որպես «հետ քայլ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին»:
«Առանձին քաղաքական կուսակցությունների ներքին կշռադատումները մեկնաբանելուց զերծ կմնանք, սակայն մենք մտահոգված էինք վերջին դեպքերով, որոնց ընթացքում կառավարությունը կարծես, թե օրենքի ընտրովի կիրառման համար թիրախ էր ընտրել ընդդիմությանը և կիրառում էր պետական ռեսուրսներ քաղաքական նպատակի հասնելու համար: Արդյունքը կարծես եղավ մեկ քայլ ետ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին», - նշել է ԱՄՆ դեսպանը, հայտնում է galatv.am-ը:
Փետրվարի 13-ին հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին, որն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ընդգծել էր, որ
ուշի ուշով հետեւում է տեղի ունեցող զարգացումներին եւ որ «եթե նախագահի կողմից առաջ է քաշվում ստուգումներ անցկացնելու պահանջ՝ կապված հարկերի հետ, ապա պետք է դրանք լինեն թափանցիկ եւ երկրի օրենքներին համապատասխան»: Նա նաև
ակնարկել էր Գագիկ Ծառուկյանին սատար կանգնելու հնարավորության մասին:
Ռիչարդ Միլսը նաև ասել է, որ ցանկացած ժողովրդավարության համար անհրաժեշտ է ընդդիմություն, որը կապահովի կառավարության հաշվետվողականությունը: Հայաստանի ուժեղ կողմերից մեկը, ըստ նրա, ակտիվ քաղաքական ընդդիմությունն է:
ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»: Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայմում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների մասին:
Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Սարգսյանին՝ շեշտելով, որ ընդունում է իրեն հայտարարված «պատերազմը»՝ կոչ անելով «համաժողովրդական մոբիլիզացիայի»՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար: Սակայն ընդամենը չորս օր անց նա հայտարարեց, որ հարաժարվում է իշխանության հետ առճակատումից: ԲՀԿ-իշխանություն կոնֆլիկտն ավարտվեց Ծառուկյանի «քաղաքական կապիտուլյացիայով»: Արդյունքում նա հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից և լքեց քաղաքական դաշտը: